Եվրոպական ակումբը սպասում է Լևանդովսկու պատասխանին․ ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարել

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հանդիպել է «Ֆեներբահչեի» ներկայացուցիչների հետ՝ հնարավոր տրանսֆերի շուրջ բանակցելու համար, հայտնում է Haberler-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբի ղեկավարությունը ներկայումս սպասում է ֆուտբոլիստի պատասխանին։ Եթե լեհ հարձակվողը դրականորեն տրամադրված լինի կարիերան Թուրքիայում շարունակելու հարցում, ապա «Ֆեներբահչեն» կարող է պաշտոնական առաջարկ անել մրցաշրջանի ավարտից առաջ։

37-ամյա Լևանդովսկին, որի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը, Լեհաստանի և Նիդեռլանդների միջև աշխարհի առաջնության որակավորման խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում խուսափել է հստակ պատասխան տալ իր ապագայի վերաբերյալ։

Ընթացիկ մրցաշրջանում փորձառու գոլահարը «կապտանռագույնների» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

Leave a Comment