Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը, ըստ ամենայնի, պատահական միջադեպ չէր։ Դժվար է հավատալ, որ նման գործողությունը կարող էր լինել տեխնիկական անսարքության կամ օդերևութաբանական պայմանների հետևանք։ Ավելի հավանական է, որ կատարվել է կանխամտածված հարված՝ ուղղված 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր Թուրանի արագընթաց և անվերահսկելի ծավալման դեմ. կարծում է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։
«Թե ով է կանգնած այս գաղտնի գործողության հետևում՝ դեռևս անհայտ է, սակայն հնարավոր շրջանակը լայն չէ։ Պարզ է միայն այն, որ ուժի ցուցադրությունն արդեն դուրս է եկել պաշտոնական և ոչ-պաշտոնական հայտարարությունների, նախազգուշացումների և դիվանագիտական ազդակների մակարդակից՝ տեղափոխվելով ռազմական դաշտ»,- նկատում է քաղաքագետը։
Արմեն Այվազյանն արձանագրում է, որ այսպես կոչված «պատահարը» փաստացի ազդարարում է նոր՝ շատ ավելի կոշտ և «տաք» փուլի սկիզբ ոչ միայն Այսրկովկասում, այլև Կենտրոնական Ասիայում։ Թուրանական նախագծի անարգել առաջխաղացումը բախվել է իր առաջին պատնեշին։
«Առջևում, ամենայն հավանականությամբ, մեզ սպասում են նոր սրացումներ, ուժային բախումներ և տարածաշրջանային ազդեցությունների վերադասավորումներ։ Պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումներին՝ քաղաքականից մինչև ռազմական, քանի որ Թուրանին դիմադրելու փուլն արդեն մեկնարկել է»,-եզրակացնում է վերլուծաբանը։։