Ադրբեջանի ճանապարհով ներմուծված 4-րդ կարգի հացահատիկը ցածր սննդային արժեք ունի, պակաս սննդարար է. փորձագետ

Ադրբեջանական ճանապարհով Ղազախստանից ՀՀ ներմուծված ցորենի որակի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում, քննարկվում է, մասնավորապես, 4-րդ կարգի ցորենի գործածման նպատակահարմարությունը։

ABC Media-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը նշեց, որ 4-րդ կարգի ցորենը համարվում է ամենացածր կարգի հացահատիկը՝ սննդային արժեքի տեսանկյունից։ «Եթե ցորենը մաքուր է և չի պարունակում բորբոս կամ միկոտոքսինների ռիսկ, ապա նրա հիմնական խնդիրը միայն ցածր սննդային արժեքն է։ Այդ դեպքում այն պարզապես քիչ սպիտակուց և գլյուտեն է պարունակում, ինչն էլ նվազեցնում է դրա սննդարարությունը»,- ասաց Անուշ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ վտանգավոր է այն դեպքում, երբ ցորենը չի անցնում պատշաճ փորձաքննություն և իր մեջ պարունակում է բորբոս կամ սնկային տարրեր․ «Եթե ցորենը մաքուր չէ, բորբոսի հետևանքով առաջանում են սնկեր, որոնք կարող են վնասել լյարդը, թուլացնել իմունիտետը և բացասաբար ազդել մարսողական համակարգի վրա։ Բացի այդ, որոշ դեպքերում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ ցորենի սպառման արդյունքում»,– ընդգծեց նա։

Պողոսյանի խոսքով՝ այս պարագայում անհրաժեշտ է ոչ միայն ուսումնասիրել ցորենի սննդային արժեքը, այլև ապահովել դրա անվտանգության հստակ վերահսկողություն․ «Եթե փորձաքննությամբ հաստատվում է, որ 4-րդ կարգի ցորենը մաքուր է և առողջության համար վտանգ չի ներկայացնում, ապա այն կարող է օգտագործվել՝ խառնված բարձր կարգի ցորենի հետ»։

 

Leave a Comment