Կա քրեական բաղադրիչ, երբ դու մեկին սպառնում ես, խոսքը դրա մասին է, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նապագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ իրավապահներից ներկայացված հաղորդումը:
«Լրիվ տրամաբանական եմ համարում, այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով, մարդկանց անձնական կյանք, ընտանիք մտնելու պարագայում: Այո, օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն», – ասել է նա:
Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանում այլ հասարակակարգ է լինելու, իրար չեն դանակահարելու:
«Ես չէի կարող չդիմել, դիմել եմ, դիմելու եմ և լավ եմ արել, բա ի՞նչ պիտի անեի»,- նշել է նա:
Դիտարկմանը, որ «անկողին մտնելու» թեման չի՞ կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից է սկիզբ առել, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, թե մի բան է հոգևորականի անձնական կյանքի մասին խոսելը՝ հայտարարելով, որ նա խախտել է իր հոգևոր երդումը, այլ բան է քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը:
Նոյեմբերի 13-ի առավոտյան Սամսոնյանը և Սաղաթելյանն իրենց բնակարաններում խուզարկություններից հետո ձերբակալվել էին։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Սիմոնյանի խոսնակը հաստատել էր, որ հաղորդումը ներկայացրել է ԱԺ նախագահը:
