Արդեն 10 օրից ավելի է՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին որևէ մեկը չի արձագանքել։ Անկուսակցական որևէ անձ պատրաստակամություն չի հայտնել 1,5 մլն դրամ վճարելու գնով ընդգրկվել Փաշինյանի ղեկավարած կուսակցության նախընտրական ցուցակում։ Factor.am-ը ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք անկուսակցականներից դիմումներ ստացել են, թե՝ ոչ։ Նա բացասական պատասխան է տվել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին վարչապետը ֆեյսբուքում գրառում կատարեց ՔՊ-ի նախընտրական ցուցակը ձևավորելու վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք պետք է նամակ ուղարկեն թեկնածու լինելու ցանկություն հայտնելու մասին՝ ունենալով ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։
Գրանցված թեկնածուները մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 մլն 500 հազար դրամ։
Փաշինյանը Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել էր, որ այդ գումարը նախատեսվում է ծախսել նախընտրական շրջանում։ Իսկ ՔՊ-ականների ու անկուսակցականների համար նախատեսված վճարի չափը բացատրել էր այն հանգամանքով, որ ՔՊ-ականները ընթացքում անդամավճարներ են տվել։ Factor.am-ը պարզել է, որ ՔՊ-ում մեծամասնությունը հինգ տարիների ընթացքում չի վճարում առնվազն մեկ մլն դրամ, ուստի ստացվում են՝ անհավասար պայմաններ։
Նարեկ Կիրակոսյան