Վրաստանում ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածները՝ ըստ թուրքական ԶԼՄ-ների

Վրաստանում կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռում եղել է 20 մարդ՝ անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իլքեր Այկուտը։ Այս մասին գրում է  «Հենակետ» վերլուծական կենտրոնը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Վրաստանում կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռում եղել է 20 մարդ՝ անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իլքեր Այկուտը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի վարկածը բացառվում է, քանի որ ինքնաթիռը տեղափոխում էր F-16 կործանիչների մեխանիկական պահեստամասեր և օդանավում պայթուցիկ նյութեր չեն եղել։ Այս պահին չեն հայտնաբերվել նաև արտաքին ազդեցության հետքեր։ Ի տարբերություն 2024-ի դեկտեմբերին Գրոզնիում խոցված AZAL ինքնաթիռի դեպքի՝ թուրքական C-130-ի իրանի վրա ոչ մի անցք կամ վնասվածքի նշան չի արձանագրվել։

Վթարի առնչությամբ շրջանառվում են երկու հիմնական վարկածներ։ Առաջինը՝ ինքնաթիռը շահագործման մեջ է եղել երկար տարիներ, վերջին կապիտալ վերանորոգումը կատարվել է 2020 թվականին, ուստի իրանի տեխնիկական խափանումը կարող էր պայմանավորված լինել մետաղական կոռոզիայով։ Նմանատիպ դեպք այս տեսակի ինքնաթիռի հետ գրանցվել է նաև Միացյալ Նահանգներում։

Երկրորդ տարբերակի համաձայն՝ պատճառը կարող էր լինել բեռի ոչ պատշաճ ամրացումը թռիչքի ընթացքում այն հնարավոր է տեղաշարժվել է և վնասել օդանավի ներքին կառուցվածքը՝ առաջացնելով ճակատագրական հետևանքներ։ Սև արկղերի որոնումը, ըստ մասնագետների, դժվարություն չի առաջացնի, քանի որ ինքնաթիռը ընկել է հարթ տեղանքում։

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ վթարի պատճառները մանրակրկիտ ուսումնասիրվում են, և քննությունը իրականացվում է Թուրքիայի ու Վրաստանի համատեղ ջանքերով։

Leave a Comment