
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ճեպազրույցում հիշեցրեց, որ դեռևս հայտարարել է՝ բանակցային փաթեթը կհրապարակի մինչև տարեվերջ՝ նշելով, որ դա ունի իր պատճառը։ «Եթե մի քիչ մտածեն, կհասկանան, թե ինչու հենց հիմա և ինչու մինչև տարվա վերջ», — ասաց նա։
Հարցին՝ արդյոք դա արվելու է առաջիկա ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը պատասխանեց. «Ո՛չ, ընտրություններին ընդառաջ չէ։ Բանն այն է, որ այդ փաթեթի տերը միայն մենք չենք։ Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, և այդ բարոյական ու քաղաքական սահմանափակումը կվերանա։ Այսինքն՝ այդ սուբյեկտը այլևս չի լինի, և մենք կարող ենք ազատորեն հրապարակել այդ փաստաթղթերը»։
Նա նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակին, որը, ըստ ամենայնի, առնչվում է բանակցային գործընթացին։ Փաշինյանի խոսքով՝ ինքը հանձնարարել է սկսել նամակի գաղտնազերծման գործընթացը։ Վարչապետը չի ներկայացրել մանրամասներ, միայն նշել է, որ նամակը հասցեագրված է այլ երկրի ղեկավարի։