Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց 2018 թվականին՝ մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ ունեցած հանդիպումից։ Նրա խոսքով՝ հեղափոխության ժամանակ Կարեն Կարապետյանը խոսել է Սերժ Սարգսյանի անունից և ասել է, որ իրեն կազատեն, հեղափոխական պրոցեսը չի շարունակվի, Նիկոլ Փաշինյանը բացառել է այս տարբերակը։
«Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել էտեքստերով, եթե ինքը հերքի, ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրենք ինձ ազատեն, մեզ ազատեն և այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից ։ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է և վերադառնալով ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, ինքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետոգնացել է և ես չգիտեմ, բայց ենթադրում եմ գրում էր խոսում էր ինչ-որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում։ Հետո վերադարձել է և ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին, ես ասել եմ դա ընդունելի տարբերակ չի և Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը, որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է ընդունելի է այդ պայմանը, սա է եղել մեր խոսակցությունը մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։