Հայ բեմի տաղանդավոր Ավետը. «Գրեթե 100 տարի» — Հայաստանի Հանրային Ռադիո

Սրանից 58 տարի առաջ՝ 1967թ., Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում  նշվում էր Ավետ Ավետիսյանի 70-ամյակը: Թատրոնում իսկական տոն էր: Լեփլեցուն դահլիճ, քաղաքային և կոմունիստ պաշտոնյաներ, բազմաթիվ հեռագրեր Մոսկվայից, Թիֆլիսից սպասում էին ընթերցվելուն: Բեմում դերասան Ավետ Ավետիսյանի գործընկերներն էին՝ թիֆլիսյան համուհոտով բեմականացված փոքրիկ մանրապատումներով:

Իր հասցեին հնչած բազմաթիվ սրտառուչ գովեստներից և մաղթանքներից հետո իր շնորհակալական խոսքն է ասում Ա. Ավետիսյանը: Նա կատակով նշում է, թե որքան դժվար է դարձել դերասանի գործը, քանի որ, ուր շրջվում ես քննադատներ են: Եթե մի ժամանակ միայն մի քանի թատերական քննադատ էր լինում դահլիճում, ապա հիմա ամբողջ դահլիճն է քննադատ:

Նա պատմում է նաև իր երազանքների՝ հատկապես ատոմային դարը տեսնելու մասին: Ցավոք, Ավետ Ավետիսյանի հույսը՝ ապրել ատոմային դարում, չիրականացավ: Հավլաբարցի կոշկակար Մարկոսի որդին՝ Ավետ Ոսկանյանը, որ միջոցների սղության պատճառով 5-րդ դասարանից թողել էր Ներսիսյան դպրոցը՝ աշխատելու համար, իր 70-ամյակից հետո ապրեց ընդամենը 3 տարի և հեռացավ կյանքից: Արդեն նրա 80 ամյակի առիթով Հայաստանի ռադիոյի երիտասարդական «Առագաստ» կայանը պատրաստեց մի հրաշալի հաղորդում՝ նրանց համար, ովքեր տարիքի բերումով  բեմում չէին վայելել Ավետ Ավետիսյանի հոյակապ դերերը: Դերասանի մասին երիտասարդներին պատմելու համար, տաղավար էր հրավիրված թատերագետ Գևորգ Աբաջյանը: 

Նա պատմում է հետաքրքիր մանրամասներ դերասանի կայացման, Հովհաննես Աբելյանի հետ պատահական հանդիպման և 1918-ին, միասին Բաքվից Թիֆլիս արկածներով լի մի ճամփորդության մասին, որ կարող էր սոսկալի հետևանք ունենալ թե՛ Աբելյանի և թե՛ երիտասարդ Ավետի համար, և վերջապես Ոսկանյան ազգանվան Ավետիսյանի փոխակերպման գաղտնիքի մասին:

Leave a Comment