ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, նոյեմբերի 12-ին կայցելի Երևան: Այցի հիմնական թեման կլինի «Թրամփի երթուղի» նախագծի հայկական հատվածի կառուցումը, որը նախատեսված է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ կապելու համար․ գրում է Коммерсант-ը:
Հղում անելով տարածաշրջանային լրատվամիջոցներին՝ կայքը նշում է, որ Թրամփ կրտսերի այցը կշարունակի նախագահ Թրամփի զարգացման դիվանագիտությունը, որը փորձում է ընտանեկան բիզնեսը՝ «Trump Organization»-ը, վերածել Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև Միջին միջանցքում ինտեգրված հանգույց ստեղծելու նախագծի:
Նախագահ Թրամփի որդու Երևան կատարելիք այցը պաշտոնապես չի մեկնաբանվել, բայց արդեն լայնորեն քննարկվում է հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում՝ հղում անելով բանակցությունների մանրամասներին և օրակարգին ծանոթ աղբյուրների:
Միևնույն ժամանակ Երևանի և Բաքվի աղբյուրները նշում են, որ այցը կապված է Թրամփ ընտանիքի նոր բիզնես հետաքրքրությունների հետ, որոնք առաջացել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո: Կապալառուների հետ բանակցությունները սկսվել են հոկտեմբերին, և նախագիծն արդեն մտել է ենթակառուցվածքների զարգացման աշխատանքային խմբի և կոնսորցիումի ձևավորման փուլ:
Հատկանշական է, որ առանց Դոնալդ Թրամփ կրտսերի՝ Երևան կատարելիք առաջիկա այցի մասին ուղղակիորեն հիշատակելու, վարչապետ Փաշինյանն անցյալ շաբաթ հաստատել է ՀՀ-ի համար TRIPP նախագծի շրջանակում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գործում ամերիկյան մասնակցության աճող կարևորությունը։
Հաշվի առնելով, որ նախագիծը կրում է Թրամփի անունը՝ խորհրդանշական է, որ նրա որդին պետք է այցելի Երևան՝ TRIPP-ին ոչ միայն խաղաղարար, այլև իրական տնտեսական բովանդակություն հաղորդելու համար։
Թրամփ կրտսերն աշխատում է The Trump Organization-ում՝ քրոջ՝ Իվանկայի և կրտսեր եղբոր՝ Էրիկի հետ միասին՝ որպես գործադիր փոխնախագահ։
Տարածաշրջանային լրատվամիջոցների տվյալներով՝ 99 տարով պայմանագրի շրջանակում Թրամփ ընտանիքի կլաստերի մի ընկերություն կդառնա Մեղրիի տարածքի հիմնական վարձակալը։
Այս առումով Թրամփ կրտսերի՝ Երևան կատարելիք այցի օրակարգի հիմնական հարցերից մեկը, ենթադրվում է, կլինի «Թրամփի երթուղու» կառուցմանն ամերիկյան բիզնեսի մասնակցության օրինականացումը և այս տրանսպորտային զարկերակի հետագա կառավարումը։
«Թրամփի երթուղու» հայկական հատվածի իրականացմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցը մնում է բաց։