Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» խորհրդակցել է բելգիացի բժիշկի հետ, որը մասնագիտացած է պուբալգիայի (ստորին որովայնի և աճուկի հատվածի քրոնիկական ցավ) բուժման մեջ և իր պրակտիկայում հաջողությամբ աշխատել է ավելի քան 3000 մարզիկների հետ:
Մասնագետի եզրակացությունները դրական են. նա նշել է, որ Լամին Յամալի առողջական վիճակը վերահսկելի է, իսկ «Բարսելոնայի» բժշկական շտաբի կիրառած վերականգնման ծրագիրն ու ֆիզիոթերապևտիկ մոտեցումները համարվում են ճիշտ և արդյունավետ: Միաժամանակ, բժիշկը ընդգծել է, որ պուբալգիան անհրաժեշտ է բուժել որքան հնարավոր է շուտ, որպեսզի չառաջանա ցավի կրկնություն և երկարատև դադար:
Այդուամենայնիվ, ֆուտբոլիստին դեռ հարկավոր է խստորեն պահպանել բժիշկների և ֆիզիոթերապևտների ցուցումները՝ լիարժեք ապաքինումը երաշխավորելու համար:
Հիշեցնենք, որ Յամալը մրցաշրջանի նոյեմբերյան խաղերին չի մասնակցում՝ բաց թողնելով Իսպանիայի հավաքականի հանդիպումները Վրաստանի և Թուրքիայի դեմ՝ բժշկական պատճառներով: Սա արվել է ակումբի որոշմամբ, առանց նախնական համաձայնեցման հավաքականի բժշկական շտաբի հետ, ինչն առաջացրել է այդ վերջինիս դժգոհությունը: