Միջմշակութային հաղորդակցություն՝ գիտելիք, լեզու, մշակույթ․ «Մասնագիտություն»

Միջմշակութային հաղորդակցությունը ժամանակակից աշխարհի ամենահետաքրքիր, դինամիկ և պահանջված մասնագիտություններից է։ Այն ձևավորվել է դեռ հնագույն ժամանակներից՝ որպես քաղաքակրթությունների և միջանձնային հարաբերությունների զարգացման հիմք՝ միաժամանակ կրելով ճանաչողական, գաղափարական, գեղագիտական և դաստիարակչական դեր։

Այս մասնագիտությունը հատկապես գրավում է նրանց, ովքեր հետաքրքրված են օտար լեզուներով, սիրում են ճանապարհորդել, շփվել նոր մարդկանց հետ, ուսումնասիրել տարբեր մշակույթներ և ունեն ստեղծագործ մտածելակերպ։ Միջմշակութային հաղորդակցության մասնագետը ոչ միայն տիրապետում է տարբեր լեզուների, այլև գիտի ինչպես արդյունավետ շփվել տարբեր մշակութային միջավայրերի ներկայացուցիչների հետ՝ բացահայտելով նրանց արժեքային համակարգը, վարքագիծը, ավանդույթներն ու մտածողությունը։

Միջմշակութային հաղորդակցությունը կարելի է բնորոշել որպես ընդհանուր շփման ձև՝ տարբեր դավանանքների, գիտելիքների, սոցիալական կարգավիճակների և էթնիկ պատկանելության մարդկանց միջև։ Դա նաև արժեքների փոխանցման գործընթաց է՝ մի մշակույթից դեպի մյուսը։

Այս ոլորտում հաղորդակցման հիմնական հենասյունը հենց մշակույթն է։ Երբ տարբեր մշակութային ծագում ունեցող մարդիկ շփվում են բիզնեսում, քաղաքականության, կրթության կամ նույնիսկ ժամանցի ոլորտում, նրանք գործ ունեն ոչ միայն լեզվական տարբերությունների, այլև՝ մտածողության, վարքագծի, պատմական և հոգեբանական առանձնահատկությունների հետ։ Հետևաբար, արդյունավետ հաղորդակցման գլխավոր նախապայմանն է այլ մշակույթների աշխարհընկալման խորքային իմացությունը։

Ինչպես են տարբեր ժողովուրդներ մտածում, գործում և հաղորդակցվում միմյանց հետ։ Ինչպես է ձևավորվում փոխըմբռնումը մշակութային սահմաններից այն կողմ։ Այս հարցերի շուրջ զրուցելու ենք Երևանի պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանի հետ։

Leave a Comment