Հակակոռուպցիոն քրեական դատարանում նոյեմբերի 4-ին գործ է ստացվել «Բժշկական գենետիկայի կենտրոն» ՍՊԸ-ի նախկին տնօրենի և ևս երեք անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ։ Գործը երկու օր անց՝ նոյեմբերի 6-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Գ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով «Պարբերական հիվանդություն, հաստատված գենետիկորեն, առանց երիկամների ֆունկցիայի խանգարման» հիվանդությունը և դրա հիման վրա ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից 2015 թվականի հուլիսի 07-ին ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 29 հոդվածի Բ կետով ճանաչվելով ոչ պիտանի զինվորական ծառայության համար, 2021 թվականի ապրիլի 08-ին վերոնշյալ հիվանդությունն օգտագործելու և ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող կեղծ անձնագիրն օգտագործելու եղանակով օժանդակել է 2021 թվականի ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկ Ս․ Մ․-ին խաբեության ճանապարհով խուսափել վերոնշյալ զորակոչից:
Թ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ և մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ, զբաղեցնելով «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը, անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմել և հանձնել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ փաստաթուղթ, և այդ եղանակով օժանդակել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն:
Հ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ և մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ, զբաղեցնելով «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչի պաշտոնը, անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմել և հանձնել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ փաստաթուղթ, և այդ եղանակով օժանդակել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն:
Ա․ Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ և մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ, զբաղեցնելով «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի բժիշկ-գենետիկի պաշտոնը, անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմել և հանձնել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ փաստաթուղթ, և այդ եղանակով օժանդակել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն:
Ընտրված խափանման միջոցները
Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է Բացակայելու արգելքը, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ Մեղադրյալ Ա․ Ե․-ի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ և բացակայելու արգելք։
Գործի ներկա կարգավիճակը
Դատական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին տեղեկություններ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում նշված չեն։