Վտանգավո՞ր, թե՞ անվտանգ ցորեն․ ի՞նչ է մատակարարվում Հայաստան․ պաշտոնյաների պարզաբանումները

Գրեթե մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք պահպանվել են 1990-ականներից ի վեր։ Հայկական կողմն արագ արձագանքեց․ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ողջունեց Ալիևի հայտարարությունը և շեշտեց, որ այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։

Մի քանի ժամ անց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում մանրամասներ ներկայացրեց՝ պարզաբանելով, թե ինչ ճանապարհով է ղազախական ցորենը հասնելու Հայաստան. «Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական և վրացական երկաթգծերով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»։

Իսկ Ալիևի հայտարարությունից մեկ օր անց Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։

«Չափազանց կարևոր հայտարարություն է։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին», – ասաց Փաշինյանը։

Այս հայտարարությունները գործնական փուլ մտան նոյեմբերի 6-ին, երբ էկոնոմիկայի նախարարը գիշերով դիմավորեց Տավուշի Այրում կայարանում ռուսական հացահատիկով բեռնված 15 վագոնները։

«Ըստ էության, կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է», – հայտարարեց Գևորգ Պապոյանը։

Նախքան Գևորգ Պապոյանը կգնար կայարան, նա Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակն Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Նախարարի խոսքով՝ նախկինում ռուսական ցորենը գալիս էր Վերին Լարսով, իսկ այս անգամ Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան, և քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն չունեն, մտել է Վրաստան և Վրաստանից Հայաստան։

Հետաքրքրականն այն է, որ քաղաքացիների հարցին՝ կփոխվի՞ արդյոք ցորենի գինը, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նույն տեքստով են պատասխանել համանման հարցերի վերաբերյալ մեկնաբանություններին։

«Սա ինքնարժեքի էժանացման գործոն է, բայց գնի վրա այլ գործոններ էլ կարող են ազդել։ Մի փոքր ժամանակ պետք է անցնի, որ ավելի հստակ հասկանանք», – գրել են պաշտոնյաները։

Տպավորություն է, թե տվյալ պատասխանը հատուկ մշակվել է նման հարցերի համար՝ ուղղակի պետք է պատճենել և վերջ։

Հետո հայտարարվեց, որ առաջիկա երեք ամիսներին՝ մինչև 2026-ի հունվարի վերջը, Ռուսաստանը ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղային նոր երթուղով։ Այդ մասին հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական կողմն ուսումնասիրում է նաև այս երթուղով այլ բեռներ տեղափոխելու հնարավորությունը։

Մինչ ռուսական կողմը հստակ թվեր է տալիս, Հայաստանի վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում դժվարացավ հստակ տեղեկություն ներկայացնել պայմանավորվածությունների մասին՝ սկսած ծավալներից մինչև այն, թե որ ընկերությունն է իրականացնում Ադրբեջանով ցորենի մատակարարումը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Հայաստանում ցորենի հիմնական ներկրողներից է «Բաղրամյան» ՍՊԸ-ն: Իր ընկերության գործունեությունը մեկնաբանելով՝ տնօրեն Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Այն կապարակնիքը, որ ցորենի վագոնների վրա դրվել է Ռուսաստանում, բացվում է Հայաստանում։ Ես համոզված եմ, սակայն 100% վստահ լինելու համար, որ ցորենն անվտանգ է, ընդամենը պետք է 10 օր սպասել Սննդամթերքի անվտանգության տեսչության (ՍԱՏՄ) պատասխանին»։

ՍԱՏՄ-ից արդեն նմուշառումներ են վերցվել՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկի անվտանգության ստուգման համար։ Գասպարյանը շեշտեց, որ բեռին միջամտություն չկա՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ մյուս տարանցիկ երկրներում. «Բեռը պարզապես անցնում է երկրի տարածքով, և օնլայն համակարգով հնարավոր է հետևել՝ ուր հասավ, ուր կանգնեց, ինչքան ժամանակում անցավ։ Այս ճանապարհով ՌԴ-ից ցորենը հասնում է Վրաստան, Վրաստանից՝ Ադրբեջան, ապա՝ Հայաստան։ Ղազախստանից եկող բեռները նույնպես ռուսական երկաթուղով են հասնում»։

Գասպարյանի խոսքով՝ Հայաստան ներկրվող մոտ 300 000 տոննա ցորենի մեծ մասը հենց իրենց ընկերությունն է ապահովում. «Դուք ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ 1000 տոննայի համար ռիսկի կգնայի՞նք, եթե վստահ չլինեինք, որ անվտանգ է հասնելու սպառողին։ Եթե հնարավոր է, ինչո՞ւ չօգտվել»։

Ավելի ուշ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ երկիրը պատրաստ է ամսական 15 000 – 20 000 տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստան։

Իսկ ինչպիսի՞ն է այդ ցորենը, և բնակիչները կարո՞ղ են արդյոք այն օգտագործել․ այսօր վերջնական պատասխան է տվել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ նշելով, որ ՀՀ ներմուծված ղազախական ցորենի առաջին խմբաքանակը 4-րդ կարգի ցորեն է։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ հենց անասնակեր է ներմուծվել, Զաքարյանը պատասխանեց, որ այդպիսի ցորենն էլ է անհրաժեշտ ՀՀ-ին։

Էդգար Զաքարյանն ընդգծեց, որ ամենակարևորն այժմ ճանապարհների դիվերսիֆիկացիան է. «Եթե ուղիները բազմազանեցվեն, դա լավ է։ Այսօր անասնակեր է եկել, վաղը կգա բարձրակարգ ցորեն, և դա էլ կյանքը ցույց կտա»,- նշեց նա։

Leave a Comment