«Այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։
Խաչատրյանը նշեց, որ տնտեսությունը, տնտեսական աճը հիմնված է եղել շինարարության վրա։
«Մեզ սպառնում են բավականին ծանր օրեր՝ նվազող տնտեսական աճով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա` այն, ինչ ներկայացվում է այս նախագծով, շատ նման է ցեմենտային կլինկերի տուրքերի փոփոխությանը։
«Թե կլիները, թե ամրաններն օգտագործվում են շինարարության մեջ։ Տուրքերի բարձրացումը մեկ նպատակ ունի՝ փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին։ Եթե շուկան լիներ մեծ, բոլորի համար տեղ կլիներ, բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջ աճել, Հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի վերադարձի ժամկետը 2025 թվականով Երևանով… Երևանում արագ աճեց շինարարությունը, մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել։ Գոնե թվերը ցույց չեն տալիս, որ ունենք շինարարական բում մարզերում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հեղինակներն առաջարկում են «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով: Նրանք պարզաբանել են, որ խոսքը վերաբերում է մետաղական ամրանների մասով ներմուծման համար սահմանված տուրքին: Այս պահին ներկրման տուրքը 29.000 դրամ է: Իրանա-իսրայելական հակամարտությունից հետո պայմանավորված իրանական արժույթի անկմամբ՝ իրանական շուկայում կտրուկ նվազել են ամրանների գները (մոտ 35 հազ. դրամով մեկ տոննայի համար): Այդ պատճառով անհավասար պայմաններ են ստեղծվել ներկրողների և տեղում արտադրողների համար:
Դեռևս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ` կարգավորումը վերաբերում է երկար արտադրական ու տնտեսական շղթաներին: Այս ճանապարհով գնալու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով շուկայի փաստացի իրողությունները և արտադրողների իրական մտահոգությունները: Նշվել է, որ առաջարկը 55-60 հազար դրամի սահմաններում է եղել և քննարկումների արդյունքում մեկ կիլոգրամի համար չափը սահմանվել է 45 դրամ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակումների արդյունքում պետական տուրքը բազային տուրքի 55-ապատիկի փոխարեն կառաջարկվի սահմանել 45-ապատիկ: