Ի՞նչ կապ ունեն հոգևորականների բարեվարքության խնդիրները երկրի տնտեսական վիճակի, գների շոշափելի աճի հետ. «Փաստ»

Լսում ես նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հարցազրույցները, ասուլիսները, կամ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառումներն ես ընթերցում ու անխուսափելիորեն հանգում ես մտորումների, որոնք անխուսափելիորեն հանգում են համեմատությամբ, թեպետ շատերը կարող են հակադարձել, թե նշված պետական գործիչների համար կարող է նույնիսկ վիրավորական լինել զուտ համեմատությունը Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախկին նախագահները խոսում են, ու իրենց խոսքը հավասարակշիռ է, ասելիքը՝ ծանրակշիռ, պահվածքը՝ չափած-ձևած, իրական քաղաքական, պետական գործչի կեցվածքով են ներկայացնում: Ավելին, խոսում են առանց ավելորդ արտահայտությունների, հասկանում ես՝ իրենց խոսքի արժեքն ու կշիռն իմացող գործիչներ են: Արտահայտվում են առանց վիրավորական ու հիստերիկ ելևէջների: Ներկայացրած տեսակետները, գնահատականները կշռադատված են ու հիմնավորված: Համարժեք վերլուծում են առկա իրողությունները:

Դե, իսկ հիմա մի հատ ՔՊ-ի ղեկավար ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին նայեք. անվայել բառապաշար, ջղագրգիռ ժեստիկուլյացիա ու տոնայնություն, բղավոցներ, հակասական ու մանիպուլյատիվ հայտարարություններ…

Անգամ եզր չկա համեմատելու:

Այո, նախկին նախագահներին մեզանից յուրաքանչյուրը կարող է իր վերաբերմունքն ունենալ, իր համակրանքներն ու հակակրանքները: Անվիճելի է, որ բոլոր նախկին նախագահներն էլ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցել են սխալներ, թերացումներ, բացթողումներ, իհարկե՛, ունեցել են: Ընդ որում՝ ոչ քիչ: Բայց եթե նույնիսկ այդ բոլոր սխալներն ու թերությունները մի տեղում հավաքենք, ապա Փաշինյանի սխալները, իսկ դրանք ավելին են, քան պարզապես սխալները, տասնապատիկ, հարյուրապատիկ կգերազանցեն բոլոր նախկինների գործածները:

Վերադառնանք, սակայն, Փաշինյանի գործունեությանը, որովհետև այսօր մեր երկիրն ու ժողովուրդը այս շարունակատագնապ վիճակում է հենց նրա այդ գործունեության պատճառով: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ նրա տարերքը քաոս, խառնաշփոթ ստեղծելն է (կարևոր չէ, թե ինչ ոլորտում կամ հարցի շուրջ), ապա այդ պղտոր ջրերում իր քաղաքական ձկնորսությամբ զբաղվելը, դիվիդենտներ կամ միավորներ շահելը, հասարակության հիմնականում մարգինալ հատվածից «հույզեր քամելը»:

Բայց կան և այլ բնութագրական հատկանիշներ: Նիկոլ Փաշինյանը երբեք չի բերում լուրջ վերլուծության ու իրողությունների վրա հիմնված լուծումներ, լուծման տարբերակներ: Փաշինյանը գերազանց է այլ հարցում. նա միշտ բերում է պրոբլեմներ, հարուցում է պրոբլեմներ: Փաշինյանը ստեղծում է պրոբլեմ, հետո դրա վրա ավելացնում է մեկ այլ պրոբլեմ, հետո՝ էլի մի պրոբլեմ, հանրագումարում ստանալով թնջուկ ու «բոլոլա», ինչպես ասում էր մի «պայծառատես» վարորդ:

Տեսեք, արդեն մոտ կես տարի է, ինչ հասարակության ակտիվ հատվածը ներքաշվել է ՀԱԵ հոգևորականների, այսպես ասենք՝ բարեվարքության, անձնական կյանքի հետ կապված քննարկումների մեջ: Դա՝ Փաշինյանի «շնորհիվ»:

Այսինքն, երկրում այլևս ոչ մի կարևոր խնդիր չկա՞: Կառավարությունը բոլոր հարցերը լուծե՞լ է, այլևս դարդուցավ չկա՞, մնացել է հոգևորականների անկողիններն ու կենցաղային աղբի տոպրակները փորփրե՞լը, այն էլ՝ վարչապետի ու «առաջին շարքի» քպականների ու նրանց մերձավորների մակարդակո՞վ: Ի՞նչ կապ ունեն հոգևորականների բարեվարքության կամ չբարեվարքության խնդիրները, օրինակ՝ երկրի տնտեսական վիճակի, ժողովրդի սոցիալական վիճակի, գների շոշափելի աճի հետ: Ո՛չ մի:

Ի՞նչ կապ ունեն հոգևորականների անձնական կյանքի հարցերը Հայաստանի պաշտպանունակության, բանակի մարտունակության, բանակի սպառազինության, սահմանների պաշտպանվածության խնդիրների հետ: Ո՛չ մի: Ի՞նչ կապ ունեն այդ խնդիրները, ենթադրենք, հանցագործությունների շոշափելի աճի կամ, ասենք՝ տնտեսական մրցակցության անկման, տնտեսության օլիգարխացման հետ: Երիցս՝ ո՛չ մի:

Փաշինյանիզմը պետության համար նույնն է, ինչ որոմը՝ արտի: Ի դեպ, բոլորը, կարծում ենք, գիտեն, որ որոմը մոլախոտ է, բայց երևի միայն բուսաբանները կիմանան, որ որոմը հենց հացազգի է ու շփոթության աստիճան նման է ցորենի, ուստի, երբեմն դրան «կեղծ ցորեն» են անվանում: Այդպես է, սակայն բանն այն է, որ որոմը թունավոր է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment