Որ երկրները և ինչ աստիճանով են մասնակցել Բաքվում նոյեմբերի 8-ի ռազմական շքերթին





Ինչպես հայտնի է, երկրի ռազմական շքերթը պարզապես ռազմական ոճի շոու չէ  միայն։ Առաջին հերթին, սա տեղեկատվություն է երկրի զինված ուժերի վիճակի և զարգացման միտումների մասին։ Սա նաև  դիվանագիտական ​​միջոցառում է, որը ցույց է տալիս, թե որ երկիրն ինչ ներկայությամբ է մասնակցում այդ շքերթին:

Իհարկե, կան նաև բացառություններ, երբ երկիրը կարող է ունենալ սիմվոլիկ դիվանագիտական մասնակցություն, սակայն ունենա խորքային հարաբերություններ: Սակայն դա ավելի շատ բացառություն է, այլ ոչ թե՝ օրինաչափություն:

Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե ինչ է ուզեցել ցույց տալ Ադրբեջանը իր ռազմական զինանոցից, և որ երկիրներն են փորձել ցույց տալ իրենց առանձնահատուկ վերաբերմունքը Բաքվի այս շքերթի հանդեպ:

Նախ և առաջ, ադրբեջանցիները որոշել էին չթաքցնել իրենց ռազմական հարաբերությունների խորքային աստիճանը Իսրայելի հետ:

Այս  շքերթում ներկայացվեցին  UVision Air-ի կողմից արտադրված իսրայելական   Hero 120  արտադրանքները: Այսպես կոչված՝ «կամիկաձե» անօդաչու թռչող այդ  սարքերը նախատեսված են մարտադաշտում ինչպես անշարժ, այնպես էլ շարժվող թիրախներին ճշգրիտ հարվածներ հասցնելու համար, ավելին՝ այս տեսակի հարվածային ԱԹՍ-ն «գրոհային խմբերը» կարող են արձակել և կառավարել իրենց գտնվելու վայրից:

Բաքվում   այդ շքերթի ժամանակ հրապարակայնորեն ներկայացվեց իսրայելական Rafael ընկերության Ice Breaker հեռահար հրթիռները: Այս հրթիռներն Ադրբեջանին վաճառելու մասին նախկինում  չէր հայտարարվել: Այս հրթիռների բարձր ճշգրտությունը և հեռահարությունը՝ 300 կմ, սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև   Ռուսաստանի ու Իրանի  համար: Ice Breaker-ը Sea Breaker ընտանիքի օդային տարբերակ է, որը համատեղում է GNSS-ից անկախ ուղղորդումը, երկկողմանի տվյալների կապը և ինֆրակարմիր որոնիչը՝ ավտոմատ թիրախի ճանաչմամբ, հեռահար ցամաքային և ծովային թիրախներին խոցելու համար: Ադրբեջանի որոշումը՝ հրապարակայնորեն ներկայացնել Ice Breaker-ը, գիտակցված որոշում է և ազդանշան՝ ցուցադրելով իր բոլոր հարևաններին, որ ի դեմս իրենց՝ Կովկասում ձևավորվել է ուժեղ զինված ուժերով պետություն:

Սակայն Բաքվին կարևոր էր ցույց տալ, ոչ միայն իր ռազմական, այլև դիվանագիտական հնարավորությունները:

Այս հարցում, նրանց հնարավորությունները, պարզվում է, ոչ այնքան տպավորիչ են, ինչպես որ իրենք հայտարարում են:

Եթե Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների ներկայությունը զարմանալի չէր, քանի որ այս  երկրները չեն էլ  թաքցնում, որ Ադրբեջանին համարում են իրենց ամենամոտ դաշնակիցը, ապա օրինակ Սլովակիայի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի համեմատաբար բարձր դիվանագիտական ներկայությունը այդ շքերթում, պիտի մտորելու տեղիք տա մեզ:

Շքերթին հետևում էին  Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակի  գլխավորած պատվիրակության անդամները, Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը, Ղազախստանի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը,  Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարարը, Ղրղզստանի պաշտպանության նախարարը և Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարը։

Մնացած երկրները ներկայացված եին դեսպանների մակարդակներով:

Սակայն կային նաև երկրներ, ովքեր արհամարհել էին և նույնիսկ դեսպանների մակարդակով ներկա չեն եղել այդ շքերթին:

                                    Ո՞ր երկրներն են արհամարհել շքերթը

Շքերթին ընդհանրապես չեն մասնակցել Գերմանիայի, Լատվիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի ներկայացուցիչները՝ բերելով տարբեր պատճառներ:

Ֆրանսիայի և Հունաստանի ներկայացուցիչները արհամարհել են այս միջոցառումը՝ առանց պատճառաբանության:

Լիտվան, Ավստրիան, Նիդեռլանդները  և ՄԱԿ-ը նույնպես չեն մասնակցել այս միջացառմանը: Իսկ Իսպանիան և Էստոնիան հայտարարել են, թե իրենց տներից կդիտեն այդ միջոցառումը:

Ադրբեջանական փորձագետները առանձնահատուկ նշում են, թե Նիդեռլանդների կառավարությունը վերջին ժամանակահատվածում ընդգծված բացասական է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ:

Եթե ամփոփենք, ապա մենք էլ պիտի մեր հետևությունն կատարենք, հատկապես այն երկրների հանդեպ, որոնք առավել ակտիվ են փորձել իրենց մասնակցությունը ցույց տալ այդ շքերթում: Այս շարքում ամենազարմանալին Սերբիայի պահվածքն էր, որ իր բանակի գլխավոր շտաբի պետով էր ներկայացել՝ կարծես ցույց տալով իր առանձնահատուկ դրական վերաբերմունքը ադրբեջանցիների «հաղթանակի» հանդեպ:

Վաղվա հետփաշինյանական Հայաստանում, մենք էլ մեր դաշնակիցերի շարքը պիտի ձեռք բերենք, որպեսզի կարողանանք դիմակայել այն վտանգներին, որ ներկայացնում են մեր գլխավոր հակառակորդները, որոնք նույնիսկ չեն էլ թաքցնում դրա մասին:

Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռյակին, որոնց հետևում կան նաև «ստվերում» գտնվող այլ դաշնակիցներ, մենք էլ մեր հերթին պիտի ձևավորենք մեր «եռյակներն»  ու «քառյակները»:

Իսկ այդ հարցում մեր հնարավորություններն ավելի մեծ են, քան Ադրբեջանինը: Բայց այս ամենը հնարավոր կլինի, միայն հետփաշինյանական Հայաստանի դեպքում, քանզի մեր երկիրն այսօր գտնվում է Ադրբեջանի թիվ մեկ դաշնակցի ազդեցության տակ, ինչը  լրջագույն սպառնալիք է մեր երկրի գոյության համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am


Leave a Comment