«Կյանքի խոսք» եկեղեցում 32–ամյա կինը դանակով հարվածել է 57–ամյա մորաքրոջ նստատեղին

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա․-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աիդա Ա․-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ նախկինում ունեցած կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում դանակով հարվածել է Արմենուհի Բ․-ի նստատեղին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Կայքի տեղեկություններով՝ տուժածը հոսպիտալացվել է։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։