Ղազախստանը պատրաստ է Հայաստանին ամսական 15-20 հազար տոննա հացահատիկ մատակարարել

Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը բանակցություններ է վարում հայ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են ղազախական ցորենի կայուն մատակարարմամբ: Հացահատիկի առաքումները դեպի Երևան կարող են  ապագայում ավելանալ, հաղորդում են ղազախական աղբյուրները։

Նշվում է, որ ղազախական ցորեն տեղափոխող առաջին գնացքը ժամանել է Հայաստան։ Մոտավորապես 1000 տոննա տեղափոխող 15 վագոնից բաղկացած գնացքը հաջողությամբ անցել է նոր երթուղով՝ Ղազախստանից անցնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջով: Ղազախստանի Պարենային Կորպորացիայի տվյալներով՝ այս տարանցիկ միջանցքը կարող է ի վերջո դառնալ դեպի Երևան ղազախական հացահատիկի և այլ բեռների մշտական ​​​​մատակարարման ուղի:

Ըստ «НК «Продкорпорация» ԲԲԸ-ի տնօրեն Տոբիլբեկ Օմարովի՝ այն պատրաստ է ամսական հայ սպառողներին մատակարարել 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ։

Հոկտեմբերին Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը ստորագրել է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր, որը վերաբերում է հայ սպառողներին հացահատիկի մատակարարմանը: Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ դասի ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուր ստանալու, այնպես էլ կենդանիների կեր արտադրելու համար:

2025 թվականին Ղազախստանի Պարենային կորպորացիան ղազախական ցորեն է արտահանել Կենտրոնական Ասիա, Անդրկովկաս (Ադրբեջան, Վրաստան), Մերձավոր Արևելք (Իրան), Հյուսիսային Աֆրիկա (Ալժիր, Մարոկկո) և Հարավարևելյան Ասիա (Վիետնամ), ինչպես նաև Չինաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment