Քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված 27 900 ԱՄՆ դոլար․ մաքսային կանոնների խախտման շաբաթվա բացահայտումները

Նախորդ շաբաթ 28 դեպքով փորձ է արվել ներկրել չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ և դիզվառելիք։ Օդային ճանապարհով փորձել են տեղափոխել բրենդային հագուստ, ժամացույցներ, մուշտակ, քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված 27 900 ԱՄՆ դոլար։  Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Մասնավորապես՝ «Ագարակ» մաքսային անցակետ ժամանած բեռնատարների և ավտոբուսների զննության արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված 11310 տուփ տարբեր  տեսակի ծխախոտ և շուրջ 11000 լիտր չհայտարարագրված դիզվառելիք։

«Բագրատաշեն» սահմանային անցակետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցի մաքսային հսկողության ժամանակ  հայտնաբերվել է սխալ հայտարարագրված մոտ 1270կգ հագուստ, կոշիկ, այլ աքսեսուարներ, իսկ մեկ այլ դեպքով էլ՝ ատամնաբուժական սարքավորումներ։

«Գոգավան» մաքսային անցման կետում մաքսային ծառայողները հայտնաբերել են կենդանիների մաշկի համար նախատեսված չհայտարարագրված խնամքի միջոցներ։

Դուբայից-Երևան և Միլան-Երևան չվերթներով ժամանած քաղաքացիների ուղեբեռներից հայտնաբերվել են 10,5 և 7 կգ քաշով չհայտարարագրված ապրանքներ՝ սամույրիմորթուց մուշտակ, ժամացույցներ «Rolex» գրառմամբ, բրենդային հագուստ, կոշիկ և պայուսակներ։

«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մեկնման սրահի մաքսային հսկողության գոտում ԷԱՕՏԻՓ վարչության մաքսային ծառայողները Լիբանանի հանրապետության քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված 27․900 ԱՄՆ դոլար։

Leave a Comment