Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը։
Էմմա Թումանյանը 2025 թվականի օգոստոսի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան։ Դիմումով նա խնդրել էր՝ «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին
մասին հակասող և անվավեր»։
Խնդրահարույց կետը
Օրենսգրքի՝ «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» վերտառությամբ 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝
1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` (…)
2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը: Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հնարավորություն»
բառից հետո լրացվել է «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը» բառերով՝ 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-182-Ն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան:
Գործի դատավարական համառոտ նախապատմությունը
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով թիվ 2-6970/2004թ. քաղաքացիական գործն ըստ հայցի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյանների՝ անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ դիմումի՝ Էմմա Թունյանի՝ Կառավարության 01.08.2002 թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2004 թվականի հոկտեմբերի 26-ին վճռել է.
«1. Հայցը բավարարել՝ պատասխանող Էմմա Թունյանին պարտավորեցնել կնքել անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու մասին առուվաճառքի պայմանագիր, իսկ պատասխանողներ Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյաններին՝ հաշվառված (գրանցված) անձի դրամական փոխհատուցման պայմանագրեր և պատասխանողներին վտարել վիճելի ք. Երևան Փավստոս Բյուզանդի փողոցի 9 շենք բնակարան 6 հասցեում գտնվող տարածքից.
2. Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումը ՀՀ կառավարության 01.08.2002թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժել: (…)»:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիման վրա վերստին քննելով թիվ 5-707/2005թ. քաղաքացիական գործն ըստ հայցի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ընդդեմ Էմմա Թունյանի, Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյանների՝ անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին և Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումի՝ Կառավարության 01.08.2002 թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2005 թվականի մարտի 1-ին վճռել է. ««Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցը բավարարել: Պատասխանող Էմմա Թունյանին պարտավորեցնել կնքել Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցի 9 շենքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու մասին առուվաճառքի պայմանագիր, իսկ պատասխանողներ Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյաններին՝ հաշվառված (գրանցված) անձին դրամական փոխհատուցման պայմանագրեր և պատասխանողներին վտարել վիճելի Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդի փողոցի 9 շենքի բնակարան 6 հասցեում գտնվող տարածքից: Էմմա Թունյանի հակընդդեմ դիմումը՝ ՀՀ կառավարության 01.08.2002 թ. թիվ 1151-Ն որոշումը ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, ՀՀ օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:(…)»:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը, քննելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 01.03.2005 թ. վճռի դեմ պատասխանողների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը, թիվ 3-855(ՎԴ)2005 քաղաքացիական գործով 2005 թվականի ապրիլի 14-ին որոշել է. «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.03.05թ. վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման: (…)»:
Էմմա Թունյանը և Գևորգ, Միհրան, Սաշիկ Սաֆյանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ նաև՝
ՄԻԵԴ): «Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 22812/05, 09.10.2012 թ., վերջնական 11.02.2013) գործով ՄԻԵԴ-ը վճռել է (վճռի հայերեն թարգմանությամբ). «տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ
կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
1) բոլոր դիմումատուներին համատեղ՝ նյութական վնասի դիմաց՝ 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
2) յուրաքանչյուր դիմումատուին՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ 1 500 եվրո (հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
3) դիմումատու Էմմա Թունյանին՝ ծախսերի և ծախքերի դիմաց՝ 30 եվրո (երեսուն եվրո)՝ գումարած նրանից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը»:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ
հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ
հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց .
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատական ակտը նոր հանգամանքով ենթակա է վերանայման, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտված ճանաչվելու դեպքում՝ հաշվի առնելով նաև այդ համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը՝ անկախ տվյալ գործին անձի մասնակից լինելու հանգամանքից:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: