Դատարանը Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանք և բացակայելու արգելք է կիրառել, Armenia Today-ը տեղեկացել է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հավելել են, որ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։
Համբարձումյանին ձերբակալել էին նոյեմբերի 9-ին՝ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Համբարձումյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։ «Ազատությունը» նոյեմբերի 7-ին գրել էր, որ նա Վաղարշապատի ընտրություններում տեղամասային հանձնաժողովի նախագահ է լինելու, և ընթացող քարոզարշավին զուգահեռ Ֆեյսբուքի իր էջում մանրամասն պատմել էր, թե որ բնակչին ինչ է բաժանել:
Վաղարշապատի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։
