Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն:
Ինչպես գրում է BBC-ին, մի քանի տարի առաջ ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար պարգև էր խոստացել նրան ձերբակալելու համար՝ որպես ահաբեկչական կազմակերպության անդամի, սակայն այժմ նախագահ Դոնալդ Թրամփը նրան ընդունում է Սպիտակ տանը՝ որպես Սիրիայի առաջնորդ։
Այս այցը պատմական է․ սիրիացի ոչ մի նախագահ պաշտոնական այցով չէր եղել Միացյալ Նահանգներում։
Վերջին անգամ բարձր մակարդակի սիրիացի պաշտոնյան՝ արտգործնախարար Ֆարուկ ալ-Շարաան, այցելել էր Վաշինգտոն 1999 թվականին՝ Իսրայելի հետ խաղաղության բանակցությունների նպատակով։
Քառորդ դար անց Սիրիան անցել է բարդ ճանապարհ՝ Ասադի իշխանությունից, քաղաքացիական պատերազմից և միջազգային մեկուսացումից մինչև վարչակարգի անկում։
Դամասկոսի գրավումից հետո «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան այժմ փորձում է վերականգնել կապերը այն երկրների հետ, որոնք երկար տարիներ խուսափում էին Դամասկոսի հետ շփումներից։
Աշ-Շարաայի այցից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նրան և Սիրիայի ՆԳ նախարար Անաս Խաթաբին հանել է պատժամիջոցների ցուցակից՝ ազդարարելով նոր քաղաքական շրջափուլ Սիրիայի համար։
«Սա հզոր ազդանշան է, որը ցույց է տալիս, որ Սիրիան մտնում է նոր դարաշրջան»,-հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը։
Ըստ Reuters-ի, Վաշինգտոնը ամիսներ շարունակ աշխատել է Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ հասնելու Աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը։ Դեկտեմբերին ԱՄՆ-ն հետ է կանչել ալ-Շարաայի ձերբակալման գործում օգնության համար 10 միլիոն դոլար պարգևատրման առաջարկը։
Ըստ BBC-ի` Վաշինգտոնը, և հատկապես նախագահ Դոնալդ Թրամփը, բացահայտորեն աջակցում է նախկին ջիհադիստից երկրի առաջնորդ դարձած անձին։