Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը «կտրականապես և արհամարհանքով մերժում է» Ստամբուլի դատախազության կողմից վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի կառավարության ու ռազմական ղեկավարության մի քանի անդամների ձերբակալման օրդերը՝ այն անվանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «ևս մեկ PR հնարք»։
«Ստամբուլի դատախազությունը «կալանքի օրդերներ» է տվել Իսրայելի ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Իսրայելը կտրականապես և արհամարհանքով մերժում է բռնակալ Էրդողանի այս վերջին PR հնարքը», – ասել է Սաարը, ըստ Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության։
Ավելի վաղ SHANTNEWS.am– ը հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին Ստամբուլի դատախազությունը ձերբակալման օրդերներ է տվել Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրի և մի քանի բարձրաստիճան զինվորականների համար՝ մեղադրելով նրանց Գազայի հատվածում «ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների», ինչպես նաև Սումուդ նավատորմի նավերի նկատմամբ խախտումների մեջ, որոնք նախկինում փորձել էին ճեղքել պաղեստինյան անկլավի ծովային շրջափակումը։