Ստամբուլում Նեթանյահուին ձերբակալելու օրդեր են տրվել՝ ցեղասպանության մեղադրանքով

Ստամբուլի դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի կառավարության ու զինվորական ղեկավարության մի քանի անդամների՝ ցեղասպանության մեղադրանքով։ Այս մասին ասվում է դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ։

«Դատախազության խնդրանքով Ստամբուլի քրեական գործերի հերթապահ դատավորը ձերբակալման օրդեր է տվել 37 կասկածյալների, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Իսրայել Կացի, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի, Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրի և Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար Դավիթ Սաար Սալամայի նկատմամբ՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված մարդկության դեմ հանցագործությունների և Թուրքիայի քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված ցեղասպանության մեղադրանքներով», – հայտնել է դատախազությունը։

Նշվում է, որ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում համակարգված կերպով կատարված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, սպանվել են, հազարավորները վիրավորվել են, իսկ բնակելի տարածքները ավերվել են»։

Մեղադրանքները մասամբ հիմնված են Իսրայելի կողմից «Սումուդ» նավատորմի նավերի դեմ ձեռնարկված գործողությունների վրա։ Հարցաքննվել են նավատորմի առաքելության ձերբակալված և հետագայում Թուրքիա արտահանձնված տուժածները։«Տուժածների մեր երկիր վերադառնալուց հետո Ստամբուլի դատաբժշկական ինստիտուտում անցկացվել են դատաբժշկական և հոգեբանական փորձաքննություններ, և դատաբժշկական եզրակացությունները ուղարկվել են դատախազություն», – ասվում է հայտարարության մեջ: Հետաքննության շրջանակներում քննիչները նաև կապ են հաստատել ոստիկանության և Ազգային հետախուզական կազմակերպության հետ՝ նավատորմի միջադեպի համար քրեական պատասխանատվություն կրողների դեմ ապացույցներ և ցուցմունքներ ստանալու համար:

Leave a Comment