Վահան Քերոբյանի ու ևս 8 անձի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և նույն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում է Քննչական կոմիտեն։

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը նշել է, որ 9 ձերբակալվել է 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում:

ՔԿ-ն նոյեմբերի 7-ին հայտնել էր, որ գործով 12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, որոնցից 7-ը ձերբակալվել է (նրանց թվում է Քերոբյանը-խմբ․)։

Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2020-2024 թվականներին։ Պաշտոնանկությունից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարվել՝ կապված նախարար լինելու ժամանակ իրականացված գնումների գործընթացներում առերևույթ չարաշահումների հետ։ Քերոբյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որի համար 2024-ին 4 ամսով տնային կալանքի տակ էր։

Leave a Comment