Վիճաբանության արդյունքում հրազենային վնասվածքով սպանվել է մեկ անձ. գործը դատարանում է

Նոյեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության Արմավիրի մարզային դատախազություն գործ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքում քաղաքացիների միջև ծագած վիճաբանության արդյունքում, ապօրինի կերպով պահվող հրազենով մեկ անձ սպանվել է։ Գործը ստացվել է դատարան և նույն օրը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին։ 

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Կ.Բ.-ը մեղադրվում է հետևյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար.

Կ.Բ.-ը 2025 թվականի մարտի 22-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում գործող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Պ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով կրակոց է արձակել վերջինիս որովայնին, ով նույն օրը՝ ժամը 03:00-ին, ստացած հրազենային վնասվածքի արդյունքում մահացել է:

Կ.Բ.-ն ու Ա.Պ.-ն 2025 թվականի մարտի 22-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենց թաղամասում գործող «Ֆեմիլի» հագուստի խանութի հարակից տարածքում վիճաբանել են, որից հետո, իրենց միջև առկա տարաձայնությունը պարզաբանելու նպատակով խոսակցությունը շարունակելու նպատակով նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հանդիպել են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Կ.Բ.-ն Ա.Պ.-ին  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող, 9մմ /9×18/ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված, գործարանային արտադրության Մակարովի կոնստրուկցիա ունեցող տարբեր նշանակության /ծառայողական, գազային, տրավմատիկ, դեակտիվացված կամ այլ/ ատրճանակի /ների/ դետալների օգտագործմամբ և ինքնաշեն եղանակով ակոսավոր փող տեղադրելու միջոցով պատրաստված ակոսափող, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակից կրակոցներ է արձակել Ա.Պ.-ի ուղղությամբ, պատճառել նրան ձախ սրունքի վերին երրորդականի առաջակողմնային մակերեսի շրջանի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորման՝ մաշկի, ենթամաշկի, մկանների, նյարդանոթային խրձերի վնասման ձևերով, ինչպես նաև՝ որովայնի առաջային պատի աջ կեսի շրջանի հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք՝ ուղեկցված տարածուն արյունազեղումներ՝ վերքային խողովակի ընթացքով, մաշկի, ենթամաշկի, մկանների, ենթաստամոքսային գեղձի, բարակ աղիների, բարակ աղիների միջընդերքի, որովայնային աորտայի, գոտկային երրորդ ողի մարմնի, ողնուղեղի վնասումների, մուգ կարմիր գույնի հեղուկ արյան և նույն գույնի արյան փուխր մակարդուկների առկայություն՝ որովայնի խոռոչում, հետորովայնամզային տարածության արյունահավաքի, սրտի էպիկարդի տակ կետային արյունազեղումների /Մինակովի բծեր/, ներքին օրգանների սակավարյունության ձևերով, հեմոռագիկ շոկով, ինչի արդյունքում Ա.Պ.-ը  նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, «էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում մահացել է:

Այսպիսով, Կ.Բ.-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքի կատարում:

Մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ 

Դատական գործի ներկայիս կարգավիճակը 

Գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում տեղեկություններ դեռևս չկան։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝


Leave a Comment