Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. Հետք

Տարեսկզբի համեմատ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքն աճել է մոտ 219 մլրդ դրամով կամ 20.3%-ով։

Ֆոնդերի կառավարիչները կուտակված գումարները ներդնում են տարբեր գործիքներում՝ փորձելով լրացուցիչ եկամուտ բերել։ Երբեմն, սակայն, լրացուցիչ եկամտի փոխարեն կուտակումները նվազում են, դա կախված է ֆոնդերի փայերի արժեքից, եկամտաբերությունից և այլն։

Ֆոնդերի եկամտաբերության տեսանկյունից վատագույն տարին 2022 թվականներ էր, երբ տարեկան կտրվածքով գրանցվեց -7.9% եկամտաբերություն։ Ավելի պարզ՝ քաղաքացիների համար հավելյալ եկամուտ չի ապահովվել, ընդհակառակը՝ կուտակված գումարները որոշակիորեն նվազել են։ Կենտրոնական բանկը և ֆոնդերի կառավարիչները այդ նվազումը պայմանավորեցին առաջին հերթին դրամի արժևորմամբ, քանի որ կուտակված գումարների մի մասը վերածվել է արտարժույթի և ներդրվել արտասահմանում։ Մյուս պատճառը ֆոնդերի ակտիվների գների նվազումն էր։

2023-2024 թվականներին ֆոնդերի եկամտաբերությունը դրական էր։ Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ 2024 թվականին կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են 10.7% եկամտաբերություն։

Կենսաթոշակային պարտադիր ֆոնդերը կառավարում է  երկու մասնավոր կազմակերպություն՝ ֆրանսիական ծագման «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Նրանք կառավարման դիմաց ստանում են վճարներ, որոնք գանձվում են ֆոնդերից։

ԿԲ-ն դեռևս չի ամփոփել 2025 թվականի եկամտաբերությունը, սակայն ֆոնդերի երկու կառավարիչների հաշվատվություններում տեսնում ենք, որ ընկերությունները դրական արդյունքով են ամփոփել ինն ամիսները։ Օրինակ՝ երկու կառավարիչների պահպանողական ֆոնդերի եկամտաբերությունը երրորդ եռամսյակում 3.5-3.7% է եղել։

Նշվում են արտասահմանյան կապիտալի շուկայում դրական զարգացումները, տեղական շուկայում՝ հարաբերական կայունությունը։

«Եռամսյակի ընթացքում արտասահմանյան ակտիվներում կատարված ներդրումները, տեղական ակտիվների համեմատ, ապահովել են զգալիորեն բարձր եկամտաբերություն»,- նշված է «Ամունդի-ԱԿԲԱ»-ի հաշվետվության մեջ։

Կառավարիչները գրեթե հավասար չափով կառավարում են քաղաքացիների կուտակած գումարները։ «Ամունդի-Ակբա»-ի հաշվետվության համաձայն՝ երեք կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների արժեքը կազմել է շուրջ 694 մլրդ դրամ, իսկ «Ցե-Կվադրատ»-ի ֆոնդերի արժեքը, կրկին ըստ ընկերության հաշվետվության,  638 մլրդ դրամ է։ Այսինքն՝ սեպտեմբերի վերջի դրությամբ երկու կառավարիչների ֆոնդերում 1 տրլն 332 մլրդ դրամ կա։

Կառավարիչներից յուրաքանչյուրը կառավարում է երեք պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային: Այս ֆոնդերը տարբերվում են առաջին հերթին ռիսկի աստիճանով: Միջին ռիսկային են պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդերը, որոնց միջոցները, բացի կայուն եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներից, կարող են մինչև 25%-ի չափով ներդրվել համեմատաբար ռիսկային ֆինանսական գործիքներում, օրինակ՝ բաժնետոմսերում:

Կուտակող քաղաքացիների մեծ մասի գումարները պահպանողական ֆոնդերում են հավաքվում։ 2025 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կուտակված մոտ 1.3 տրլն դրամի 98.1%-ը պահպանողական ֆոնդերում են։

Կուտակած գումարները պետությունն է պարտքով վերցնում, բանկերում ավանդ է դրվում, բաժնետոմսեր են գնվում

Ինչպես նշվեց վերևում, կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարը ներդրվում է տարբեր գործիքներում՝ լրացուցիչ եկամտի նպատակով։

Օգոստոսի վերջի տվյալներով, որոնք ԿԲ-ի հրապարակած ամենաթարմ տվյալներն են, կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների մեծ մասը՝ մոտ 45%-ը, ներդրված է պարտատոմսերում, հիմնականում՝  պետական։ Ավելի պարզ՝ ֆոնդերն այդ գումարները, այս դեպքում խոսքը 479 մլրդ դրամի մասին է, պարտքով տվել են Կառավարությանը, և որոշ ժամանակ անց Կառավարությունը պետք է այն վերադարձնի՝ գումարած տոկոսավճարները։ Դա Հայաստանի ներքին պետական պարտքի մի մասն է։

Հաջորդը կոլեկտիվ ներդրումային գործիքներն են։ Կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարների 33%-ն այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ ներդրված է այս գործիքներում։ Սրա ներքո պետք է հասկանալ հիմնականում միջազգային բաժնետոմսերն ու պատրատոմսերը։

21%-ն էլ ներդրված է բանկերում՝ որպես ավանդ։

Մնացածը փոքր մասը բաժնետոմսերն են և այլ ակտիվները։

Ինչպես օրենքն է պահանջում, ֆոնդերն իրենց ներդրումների առնվազն 60%-ը Հայաստանում են կատարում։

Նախորդ տարի լրացավ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի 10 տարին։ Մի կողմից կուտակվող գումարներն աճում են, մյուս կողմից՝ Հայաստանում նույնքան արագ չի աճում կապիտալի շուկան, ու այդ գումարները տնտեսության իրական հատվածում, օրինակ՝ ենթակառուցվածքներում ներդնելու քիչ հնարավորություն կա։ Հետևաբար, մեծ մասամբ ներդրվում են պետական պարտատոմսերում և բանկերում, որոշ մասն էլ՝ արտասահմանում։

Փորձագետները բազմիցս առաջարկել են պետությանը նոր սխեմաներ ներդնել՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները ենթակառուցվածքներում և այլ ծրագրերում ներդնելու ուղղությամբ։

Կենսաթոշակային ֆոնդերի դերը Հայաստանի ֆինանսական համակարգում աճում է։ Ֆինանսական համակարգում ակտիվների մեծությամբ առաջին տեղում բանկերն են՝  82.7% տեսակարար կշռով, երկրորդ տեղում կենսաթոշակային ֆոնդերն են՝ 8.1%-ով։

Այդպիսով, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, կենսաթոշակային ֆոնդերն ակտիվների մեծությամբ գերազանցում են վարկային կազմակերպություններին ու ապահովագրական ընկերություններին։

Leave a Comment