Լուվրի վերանորոգման նախագիծը, որի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր 2025 թվականի հունվարին, կարժենա 1.15 միլիարդ եվրո, ինչը նախկինում գնահատված 700-800 միլիոն եվրոյից ավելի է։ Այս մասին նշվում է Ֆրանսիայի Հաշվիչ պալատի զեկույցում, որը կազմվել է թանգարանում հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտի և անվտանգության համակարգում հայտնաբերված թերությունների հիման վրա։
«Լուվրի նոր վերածնունդ» անվամբ նախագծի ընդհանուր արժեքը այժմ գնահատվում է 1.15 միլիարդ եվրո, ինչը պարտավորեցնում է թանգարանին բյուջետային պլանը չվտանգելու համար ներդրումներում առաջնահերթություններ սահմանել », — նշվում է փաստաթղթում։
Զեկույցի հրապարակմանը նվիրված ասուլիսում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի Հաշվիչ պալատի նախագահ Պիեռ Մոսկովիսին ընդգծել է, որ հոկտեմբերի 19-ի կողոպուտը անվտանգության ոլորտում ներդրումների բացակայություն մասին «տագնապի զանգ» էր։ Նա հայտարարել է, որ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի արդիականացումը չափազանց դանդաղ է ընթանում, և որ շենքերի պահպանման ու վերանորոգման հաշվին Լուվրի վարչակազմը առաջնահերթություն է տվել արտաքին վերանորոգումներին և բարելավումներին։
2025 թվականի հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր թանգարանի վերանորոգման ծրագրի մասին, որը կոչվում է «Լուվրի նոր վերածնունդ»։ Հաղորդվել էր, որ նախագիծը կարժենա 700-800 միլիոն եվրո, և աշխատանքները կտևեն մոտավորապես 10 տարի։
Հոկտեմբերի 19-ին չորս հանցագործ մուտք էր գործել Լուվր։ Նրանք օգտագործել էին բեռնատար վերելակ՝ «Ապոլլոն» պատկերասրահի սենյակներից մեկն ուղղակիորեն մուտք գործելու համար, որտեղից կողոպտել էին Նապոլեոնի և կայսրուհու զարդերի հավաքածուից ինը իր՝ վզնոց, կրծքազարդ, թագ:
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է յոթ անձ, որոնցից չորսը մնում են կալանքի տակ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։