Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը․ Թուրքիայի ՊՆ ղեկավար

Քաղաքականություն

06.11.2025 | 15:58

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն և Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովը մասնակցել են Անկարայում Բաքվի  դեսպանատան կողմից, այսպես կոչված, «Ադրբեջանի նոյեմբերի 8-ի հաղթանակի օրվա» և «Նոյեմբերի 9-ի պետական ​​դրոշի օրվա» կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, գրում է TRT Haber-ը։

Միջոցառմանն ունեցած ելույթում Թուրքիայի ՊՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն օրինակելի համագործակցություն ունեն բոլոր ոլորտներում, մասնավորապես, պաշտպանության և անվտանգության։

«Մեր համատեղ զորավարժությունները, փոխադարձ ուսումնական միջոցառումները, պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը և տեխնոլոգիաների փոխանակումն անսասան վստահության ամենավառ ցուցիչներն են։ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը երկու բանակներ են, որոնք միավորված են ճակատագրով։ Մենք շատ լավ գիտենք, որ Թուրքիայի ուժը Ադրբեջանի ուժն է, իսկ Ադրբեջանի ուժը՝ Թուրքիայի ուժը»,- հայտարարել է Գյուլերը։

Թուրք պաշտոնյան անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։

«Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի անվտանգությանը և բարգավաճմանը։ Մենք վճռական ենք՝ ամրապնդելու մեր համագործակցությունը։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ վերջերս ձեռնարկված քայլերը, և սա համարում ենք Կովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման զարգացման կարևոր հնարավորություն։ Կցանկանայի ընդգծել մեր պատրաստակամությունը՝ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և հանգստության շարունակական ամրապնդման համար, միաժամանակ, շարունակելով համերաշխություն ցուցաբերել մեր ադրբեջանցի եղբայրների հետ՝ ցանկացած հանգամանքներում»,- հայտարարել է Գյուլերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment