Կառավարությունը պաշտպանության նախարարությանը լրացուցիչ կհատկացնի ավելի քան 4,3 մլրդ դրամ, նախագիծը հավանության է արժանացել կառավարության նոյեմբերի 6-ի նիստում։
Ըստ ՊՆ նախագծի՝ գումարը նախարարության կողմից կապիտալ ծախսերի գծով ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար է, որի վերաբերյալ հավելյալ տեղեկություն չկա՝ այն հույժ գաղտնի է։
Նախագծում նշված է միայն այդ բնագավառում իրականացվող քաղաքականության՝ Հայաստանի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման մասին։ Ընդգծել են, որ պարտավորությունների կատարման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների խնդիր է առաջացել։
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված մեկ այլ նախագծով ՊՆ-ի շենքային պայմանների բարելավման համար կուղղվի շուրջ 19,605,500.0 հազար դրամ։
Կառավարության հավանությանն արժանացած բյուջեի նախագծի համաձայն՝ 2026 թվականին պաշտպանական բյուջեն կկրճատվի մոտ 18%-ով և կկազմի 563 մլրդ դրամ (մոտ 1,5 մլրդ դոլար)։
