Հակակոռուպցիոն քրեական դատարանում հոկտեմբերի 28-ին գործ է ստացվել պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, նույն օրը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։
Մեղադրական եզրակացության էությունը
Հայկ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի փետրվարի 15-ից հանդիսանալով ՀՀ ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Երևան քաղաքի տեխնիկական անվտանգության փորձաքննության վարչության՝ սարքավորումների տեխնիկական վառելիքի, քիմիական օբյեկտների և սարքավորումների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի փորձագետ, հանդիսանալով իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մասնավորապես՝ ունենալով իր կողմից իրականացվող փորձաքննության ոլորտում փորձաքննության իրականացման պայմանագրերի գործընթացն ապահովելու, «Տեխնիկական անվտանգ հրականացման պայմանագրերի հիման վրա՝ լեռնային ոլորտի արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության փորձաքննության, դիագնոստիկայի փորձարկման, զննման իրականացումը և եզրակացության տրամադրումն ապահովելու պարտականություններ` 2022 և 2023 թվականներին փաստացի ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրում գտնվող Կարապիձորի լիթոիդային պեմզայի հանքավայրի 1-ին տեղամասում փորձաքննություններ չիրականացնելու պայմաններում, ի սկզբանե միայն 2-րդ տեղամասի վերաբերյալ կազմված արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննությունների եզրակացությունները փոփոխել և դրանցում մտցրել է կեղծ տեղեկություններ 1-ին տեղամասին ևս դրական եզրակացություններ տալու վերաբերյալ, որպիսի տարբերակներն էլ մուտքագրել է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում:
Մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջող կիրառվել է բացակայելու արգելքը։
Գործի ներկայիս կարգավիճակը
Դատավոր Արամ Գրիգորյանը հոկտեմբերի 31-ին որոշում է կայացրել սույն գործով վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Գործով առաջին նախնական դատական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին, ժամը 14։30, նիստերի 4-րդ դահլիճում։
Հնարավոր պատժատեսակները
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: