ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Վերջին օրերին երեխայի մահվան դեպքին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող հարցի առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են այլ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք պատրաստվել և տարածվել են երեխայի «լավագույն շահի», «մի’ վնասիր» սկզբունքների և «պատասխանատու» լրատվական գործունեության հիմքում ընկած արժեքների խախտմամբ:
Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ»։