Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել է ոլորտում գործող կարգավորումը եւ համարել հակասահմանադրական: Խոսքը վերաբերում է ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ ՍԴ դատավորների` արհեստակցական կազմակերպության մասնակից դառնալու համար գործող բացարձակ արգելքին: Այդ արգելքն առաջարկվում է վերացնել: Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
«Արհեստակցական միությունների մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարեւորել է նախագիծը, նշել, որ Կառավարությունն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ակտիվ աշխատում են աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Դրան են ուղղված նաեւ հանձնաժողովում կազմակերպվող քննարկումները:
Քննարկվող օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտական օրվա առթիվ շնորհավորել է սոցիալական աշխատողներին: