Ֆիզիկական դաստիարակությունն առողջ ապրելակերպի հիմնաքարն է, այն նպաստում է ոչ միայն անձի ֆիզիկական առողջության պահպանմանը, ամրապնդմանն ու օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների բարձրացմանը, այլև հոգեբանական, սոցիալական և մտավոր զարգացմանը։
Ֆիզիկական դաստիարակության իրականացման և կատարելագործման գործում իրենց առանձնահատուկ տեղն ունեն ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներն ու մարզիչները։
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագրի նպատակը բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն է՝ բանիմաց, հոգեբանական պատրաստվածությամբ, մասնագիտական և մանկավարժական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով օժտված ուսուցիչ-մարզիչների, որոնք կերտում են անհատի ֆիզիկական ձևավորման և կատարելության տանող ճանապարհը։ Սպորտում նրանք մղում են մարզիկներին դեպի առավելագույն արդյունքների, բարձր նվաճումների և պարգևների։
Ուսուցիչ-մարզիչը յուրաքանչյուր անհատի կյանքում ունի առանցքային դերակատարում։ Նրանք ոչ միայն կրթում, դաստիարակում և փոխանցում են իրենց վարպետությունը, այլև օգնում են ձևավորել կարևոր հատկանիշներ՝ ուժեղ լինել ոչ միայն մարմնով, այլև հոգով, չհանձնվել դժվարությունների առաջ, կառավարել սթրեսը, պահպանել ներքին հավասարակշռությունը, լինել կարգապահ, ունենալ տոկուն և մրցունակ ոգի, ամուր ու անկոտրում բնավորություն, հաղթանակի ձգտում, պատասխանատվության զգացում, նպատակասլացություն, հարգանք, կամքի դրսևորում և, ամենակարևորը՝ հավատ սեփական ուժերի հանդեպ։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հրաչ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էրիկ Մարտիրոսյանը։