Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է, թե «պատերազմում Ադրբեջանի հաղթանակը համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է ստեղծել»

Քաղաքականություն

04.11.2025 | 18:53

«Պատերազմում Ադրբեջանի հաղթանակը և օկուպացված տարածքների ազատագրումը նոր հնարավորություններ են ստեղծել Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության զարգացման համար»։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն, որն այցով Նախիջևանում է։

Նա նշել է, որ Նախիջևանը հատուկ տեղ է զբաղեցնում երկու երկրների հարաբերություններում։ Դեմիրչիլուի խոսքով՝ երկրների միջև հարաբերությունների ներկայիս փուլը լայն հեռանկարներ է բացում։

«Ադրբեջանի հաղթանակը և նախկինում օկուպացված հողերի ազատագրումը նոր հնարավորություններ են ստեղծել։ Մենք պետք է արդյունավետորեն օգտագործենք այս ներուժը՝ մեր ժողովուրդներին է՛լ ավելի մերձեցնելու և մեր եղբայրական ու բարեկամ երկրների միջև համագործակցությունը խորացնելու համար»,- հավելել է դիվանագետը։

Նա նաև նշել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև գործում է չորս սահմանային անցակետ՝ Աստարա, Բիլասուվար, Ջուլֆա և Շախտախտի-Պոլդաշտ ուղղությամբ։

Դիվանագետը հայտնել է, որ առաջիկա ամիսներին Աղբենդ-Կալալա շրջանում կբացվի նոր սահմանային անցակետ։

«Աշխատանքները շատ լավ են ընթանում, կամրջի շինարարությունը կավարտվի դեկտեմբերի վերջին։ Գերատեսչությունների կողմից անցակետի տեղադրման նախապատրաստական ​​աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են։ Սա նշանակում է, որ նոր հնարավորություններ կբացվեն Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական կապերի ընդլայնման համար։ Ինչպես հայտնի է՝ վերջին 30 տարիների ընթացքում Նախիջևանն օգտագործել է Իրանի տարածքը Ադրբեջանի մյուս շրջանների հետ ազատ և հարմար հաղորդակցության համար»,- ասել է իրանցի դեսպանը։

Նա նշել է, որ նոր ճանապարհային կամուրջը շահագործման հանձնելուց հետո Նախիջևանից դեպի Ադրբեջանի մայրցամաքային մաս ճանապարհը կդառնա ավելի կարճ և ավելի քիչ ժամանակ կպահանջի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment