Հնարավոր է, որ Հայաստանն այսուհետ ցորեն ներմուծի միայն երկաթուղային ճանապարհով՝ թե՛ Ղազախստանից, թե՛ Ռուսաստանից

Հնարավոր է, որ Հայաստանն այսուհետ ցորեն ներմուծի միայն երկաթուղային ճանապարհով՝  թե՛  Ղազախստանից, թե՛  Ռուսաստանից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնում, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով թե՛  Ղազախստանից, թե՛  Ռուսաստանից: 

Պապոյանն այս մասին ասել է  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներում՝ անդրադառնալով ղազախական ցորենի ներմուծման վերաբերյալ հարցին: 

«Այս առումով 2 կարևոր միջոցառում է տեղի ունենում: Ես հուսով եմ, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը տնտեսապես շատ նպատակահարմար է՝ ընդ որում և Ղազախստանից, և Ռուսաստանից: Ե՛ վ ղազախական ցորենի, և՛  ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է»,-վստահեցնում է Պապոյանը:

Նախարարը հայտնել է, որ առաջիկա օրերին համապատասխան հայտարարություններ ու միջոցառումներ կլինեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանը վերացնում է Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ իր տարածքով բեռնատարների տարանցման արգելքը:  

Leave a Comment