Aurora News | ԿԲ աշխատակիցները փոքր կրիպտո դրամապանակներ ունեն. Մարտին Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ինքը անձամբ կրիպտոակտիվներ չունի, սակայն ԿԲ-ի մի շարք աշխատակիցներ բացել են փոքր դրամապանակներ՝ ոլորտից ավելի տեղեկացված լինելու համար։

«Այսինքն՝ նրանք կատարում են գործառնություններ, ուսումնասիրում են հնարավոր ռիսկերը և հնարավորությունները, որից հետո մենք խորհրդի կամ գործադիրի մակարդակով քննարկում ենք։ ԿԲ մեր աշխատակիցներն այդ ամենն անում են բացառապես հետազոտական, ոչ թե շահույթ ստանալու նպատակով»,- նշել է Գալստյանը։

Նա ընդգծել է, որ ԿԲ-ում արդեն կուտակվել է մեծածավալ տեղեկատվություն կրիպտոակտիվների վերաբերյալ, ինչը թույլ կտա մշակել խելամիտ և արդյունավետ կարգավորումներ ոլորտում։

Պատասխանելով հարցին՝ արդյոք կրիպտոարժույթի շուկայում ստվեր կա, Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն նման ուսումնասիրություններ չի իրականացնում։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ազգային ժողովը ընդունեց կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրինագիծը, որով սահմանվում են առևտրով և ներդրումներով զբաղվող ընկերությունների գործունեության հիմնական կանոնները։

Leave a Comment