Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո մի քանի վրացի ընդդիմադիր ակտիվիստ տուգանվել և կալանավորվել է

Նոյեմբերի 3-ին Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած ընդդիմության բողոքի ցույցերից հետո մի քանի ցուցարար է ձերբակալվել ու վարչական տուգանքի ենթարկվել, հայտնել է Ekhokavkaza-ն:

Ըստ կայքի՝ այդ օրը շարունակական բողոքի ցույցերի 341-րդ օրն էր: Ակտիվիստները կարճ ժամանակով փակել են Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը, որից հետո շարունակել են իրենց բողոքի ցույցը մայթեզրին: Ձերբակալվածների թվում են 71-ամյա ակտիվիստ Զուրաբ Մենթեշաշվիլին, 75-ամյա Գուրամ Կուխիլավան, լրագրողներ Լեյլա Ցոմաիան և Նինիա Կակաբաձեն, ակտիվիստ Նանա Ջափարիձեն և ուրիշներ:

Նոյեմբերի 3-ի երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվել են ձերբակալված ցուցարարների դատավարությունները: Դատավորը նկարիչ Գիգա Ցիբախաշվիլիին դատապարտել է ութօրյա վարչական կալանքի՝ Ռուսթավելի պողոտայում «ճանապարհը արհեստականորեն փակելու» համար:

Նմանատիպ պատիժ ստացել է նաև նրա եղբայրը՝ նկարիչ Լադո Ցիբախաշվիլին: Նրանց մայրը՝ ուսուցչուհի Մանանա Ջավաշվիլին, մեկօրյա կալանքի է ենթարկվել, իսկ նրա քույրը՝ Էկա Ջավաշվիլին, տուգանվել է 5000 լարիով (մոտավորապես 700 000 դրամ):

Դատարանը նաև մեղավոր է ճանաչել 72-ամյա Իոսեբ Խեոշվիլիին, որը հոկտեմբերի 30-ին ձերբակալվել էր խորհրդարանի շենքի մոտ ոստիկանին չենթարկվելու և ճանապարհը փակելու համար։ Դատարանը Խեոշվիլիի նկատմամբ կիրառել է 5000 լարի տուգանքի։

Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերին օրենք էր ընդունել, որը խստացնում է բողոքի ցույցերի ժամանակ խախտումների համար նախատեսված պատիժները։ Այժմ դիմակով հանրահավաքին ներկայանալը կամ ճանապարհը փակելը պատժվում է մինչև 15 օր վարչական կալանքով, իսկ ոստիկանության հրամանով հանրահավաքը չավարտելը պատժվում է մինչև 60 օր ազատազրկմամբ։

Քաղաքագետ և կովկասագետ Ջոնի Մելիքյանն Armenia Today-ի հետ զրույցում գնահատել էր Վրաստանում տեղի ունեցող դեպքերի պատճառները, դինամիկան և հնարավոր հետևանքները։ Նա ասել էր, որ բողոքի ակցիաները ցույց են տվել, որ ընդդիմությունն իրական հնարավորություն չունի փոխելու քաղաքական իրավիճակը։

Leave a Comment