Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը խաղաղությանը տալու է գործնական տեսք. վարչապետ

Ղազախստանից ցորենով բեռնված գնացքը առաջիկա օրերին կհասնի Ադրբեջան, հետո՝ Վրաստան, հետո՝ Հայաստան. Փաշինյան


Մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք ԱՄՆ մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ իրականացնենք TRIPP նախագիծը, որովհետև ուզում եմ ընդգծել այդ նախագծի կարևորությունը ՀՀ-ի համար: Այդ մասին «Օրբելի ֆորում-2025»-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Այդ նախագիծը նույնքան կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր է Ադրբեջանի համար, նույնքան կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար, նույնքան կարևոր է Կենտրոնական Ասիայի երկրների համար, նույնքան կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վերաբերյալ արդեն պաշտոնական մեկնաբանություններ են հնչում ՌԴ-ից, նույնքան կարևոր է Վրաստանի համար, նույնքան կարևոր է ԵՄ-ի համար, նույնքան կարևոր է ԱՄՆ-ի համար, նույնքան կարևոր է Չինաստանի համար, նույնքան կարևոր է Թուրքիայի համար: Այս թվարկումը ինքնին երաշխիք է, որ այս նախագիծը ոչ միայն իրագործվելու է, այլև լինելու է մեր ժամանակակից պատմության ամենահաջող նախագիծը, որը բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն և կայունություն:


Ես ուզում եմ անվտանգության և կայունության գործոններում ընդգծել փոխկապվածության գործոնը որպես անվտանգության և կայունության և խաղաղության երաշխիք: Ես համոզված եմ, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, համաձայն օգոստոսի 8-ի հռչակագրի, այն կարևորագույն գործոնն է, որը խաղաղությանը տալու է գործնական տեսք»,- ասաց նա:


«Շատ բարձր եմ գնահատում, որ այդ գործոններից մեկը հենց այսօր, այս ժամերին ընթացքի մեջ է: Ես չգիտեմ՝ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ, որ առաջիկա օրերին կհասնի Ադրբեջան, հետո՝ Վրաստան, հետո՝ Հայաստան: Սա նշանակում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն իրականություն է, և ես, ի հեճուկս բոլոր նեգատիվ մեկնաբանությունների և ընկալումների, կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, որն այդ որոշումը կայացրեց։


Այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել Հայաստանի հետ: Մենք գիտեինք, որ կա ըմբռնում, որ մի գնացք կգա, մեր ընկալումը եղել է մեկ գնացքի մասին, և այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, ըստ էության, մեզ համար անսպասելի էր: Սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան. առնվազն այդ վիճակագրությունը սկսել է փոխվել, և մեր բոլորի խնդիրն է աջակցել, որ երկկողմանի և բազմակողմանի ավելի շատ դրական արդյունքներ ապահովվեն»,- նշեց վարչապետը։


Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Դիտումների քանակ2

Leave a Comment