Աշխարհում ավելի ու ավելի շատ ուսուցիչներ սկսում են կիրառել ԱԲ-ն դասերի պլանավորման, ուսումնական նյութերի պատրաստման և աշակերտների անհատական կարիքներին արձագանքելու համար։ Հայաստանում ևս այս ուղղությամբ արդեն կան կարևոր նախաձեռնություններ։
Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) մեկնարկել է «Արհեստական բանականության կիրառումը դասապլանավորման գործընթացում» դասընթացը։ ԿՏԱԿ-ի նախաձեռնած ծրագրերն առանձնանում են իրենց գործնական մոտեցմամբ։

«Մենք փորձեցինք կազմակերպել մանկավարժի համար ինտելեկտի արհեստական ձևի հետ շփվելու, հաղորդակցվելու կոնկրետ ուղիներ, քայլեր և սա, կարծում եմ, հետագայում կընդլայնվի այլ ոլորտների համար»,- ասում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ բովանդակության մշակման և վերապատրաստումների բաժնի առաջատար մասնագետ Մարի Գասպարյանը։
«Արհեստական բանականության կիրառումը դասապլանավորման գործընթացում» դասընթացը նպաստում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը կրթական միջավայրում և խթանում է նորարար մտածողությունը դասավանդման գործընթացում։ Նման ծրագրերը հաճախ ոչ միայն գիտելիք են տալիս, այլ նաև նոր մոտիվացիա։
«Շատ կարևոր է, որ մեր ուսուցիչները, ընդհանրապես այն մարդիկ, ովքեր կիրառում են արհեստական բանականությունը, լինեն մեդիագրագետ։ Ուզենք, թե չուզենք, բոլորս էլ տեսնում ենք, որ արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները նոր թափով առաջ են գնում։ Դրա համար պետք է ընդունել փաստը, իրականությունը, բայց անմասն չմնալ սովորելուց, փորձելուց, կիրառելուց»,- ասում է Արարատի մարզի Արալեզ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, դասվար Աստղիկ Ասատրյանը։
«Դպրություն» հաղորդման հյուրերն են՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ բովանդակության մշակման և վերապատրաստումների բաժնի առաջատար մասնագետ Մարի Գասպարյանը, և Արարատի մարզի Արալեզ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, դասվար Աստղիկ Ասատրյանը։