
Նոյեմբերի 3-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու նիստը, տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից։
Ինչպես նշվում է, այս շինծու գործով գրեթե մեկ տարվա ընթացքում անցկացվել է մոտ 100 դատական նիստ։ Կատարվել է ավելի քան 500 ժամ փաստաթղթերի և ապացույցների ուսումնասիրություն, իսկ «մեղադրական եզրակացությունը» բաղկացած է վեց մասից։
Բաքվից հայտնում են, թե «ապացուցված են համարում» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «մեղքը»։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել են 15 հայեր` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին։