Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Թալինի համայնքապետարանը առանց թեմի վարչական խորհրդի հետ համաձայնեցնելու սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում։
«Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում։ Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է՝ առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու, սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին», — նշված է հայտարարության մեջ։
Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս գործողությունները՝ դրանք որակելով որպես եկեղեցու հանդեպ առհամարհական վերաբերմունք։ Միաժամանակ, թեմը նշել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր «ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը»։ Թալինի համայնքապետարանը դեռևս չի արձագանքել: