Ունենք դիմելիության և նաև քաղաքացիության շնորհման աճ. ՆԳ նախարար


Ունենք դիմելիության և նաև քաղաքացիության շնորհման աճ: Հիմնականում տարբեր երկրներից ունենք պատկեր, ընդ որում, թե՛ ամերիկյան մայրցամաքից, թե՛ եվրոպական հատվածից: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիության շնորհման ընթացակարգին: 


Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիներն անցնում են ստուգման նույն մեխանիզմը:


«Այսինքն՝ անկախ նրանից՝ որ երկրի ներկայացուցչի հետ գործ ունենք, հատկապես ծագումով հայերի դեպքում խորքային ուսումնասիրություն ենք ներկայացնում, մնացյալ դիմումատուների դեպքում ևս: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ունենք, Ուկրաինայից ունենք: Եթե տոկոսային կտորը հետաքրքիր է, կարող եք գրավոր դիմել, անպայմանորեն կպատասխանենք»,- ասաց ՆԳ նախարարը:


Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ Սարգսյանը հայտնել էր՝ ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվարկով հանրապետության նախագահի հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել 17180 անձի:


«Աճ ունենք քաղաքացիության շնորհման՝ 15,5 տոկոսով: Եվ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը: Այստեղ ևս ունենք աճ՝ 10,7 տոկոսով, բայց ընդհանուր համապատկերում քաղաքացիություն շնորհված անձանց թիվը գերակշռում է»,- հայտնել էր ՆԳ նախարարը:


Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից քաղաքացիության ձեռքբերման գործընթացին՝ նշել էր՝ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում են ներկայացրել 21916 տեղահանված անձինք:

Leave a Comment