Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 3-ի համատեղ նիստում ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագծով Ներքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծախսերը։
Անդրադառնալով անչափահասների հանցավորությանը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հաշվետու տարում 8-ով կամ 4%-ով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։
Կարևորելով հանրային անվտանգության բարձրացումն ու անչափահասների շրջանում բռնության կանխարգելումը՝ ԱԺ գործընկերների օժանդակությամբ ընդունվել է օրենսդրական նախաձեռնություն, որով արգելվել է 18 տարին չլրացած անձանց վաճառել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաներ, սարքեր կամ գործիքներ, որոնք կարող են օգտագործվել որպես զենք կամ ստեղծել վտանգավոր իրավիճակ։
Այս ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացվել են իրազեկման աշխատանքներ։
Բացի այդ, տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասներին արգելվել է այդպիսի առարկաների, սարքերի կամ գործիքների կրումը՝ առաջացնելով վարչական պատասխանատվություն։ Օրենքի ընդունումից ի վեր (2025թ․ օգոստոսի 3)՝ 12 դեպքով իրականացվել է վարչարարություն։
Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների տեմպը, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել համատեղ ընդունված օրենսդրական գաղափարախոսությունը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անչափահասների հանցավորությունը ունի որոշակի լատենտայնություն, քանի որ վերջիններիս հետ կապված հարաբերությունները ունեն զգայուն բնույթ և շատ դեպքերում ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին կամ դպրոցները դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ժամանակին չեն տրամադրում ոստիկանությանը։
ՆԳ նախարարությունը հետևողականորեն աշխատում է նաև այս ուղղությամբ և ընթացիկ տարում նախարարության կողմից 6 միջնորդագրեր են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն՝ դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ այս ուղղությամբ համագործակցությունը շարունակվելու է, որպեսզի ցանկացած իրավիճակ հնարավոր լինի տեսադաշտում պահել։ Նա ընդգծել է, որ կարևոր է տեղեկատվությունը ստանալ ոչ թե փաստի արձանագրումից հետո, այլ անմիջապես՝ դեպքին առնչվող առաջնային օղակից։