Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է.
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը բացասական է պատասխանել լրագրողների հարցին, թե մտադի՞ր է արդյոք ռազմմական հարված հասցնել Վենեսուելային: Միջազգային մամուլում վերջին օրերին այդ առնչությամբ լինում են տարբեր հրապարակումներ, ընդհուպ այն, որ Թրամպը ծրագրել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյին հեռացնել իշխանությունից ուժային գործողության միջոցով:
Վենեսուելային հարվածելու մտադրության մասին հարցին Թրամպը սակայն լրագրողներին պատասխանել է՝ «Ոչ»: Սա երաշխի՞ք, որ իքս պահի այն չի դառնա այո: Կարծում եմ՝ ոչ, երաշխիք չէ: Երաշխիք չէ ոչ այն պատճառով, որ Թրամպը կարող է փոշմանել: Նրան պարզապես կարող են պարտադրել մտնել Վենեսուելայի հետ ռազմական բախման մեջ: Պարտադրողներն իհարկե նրա քաղաքական հակառակորդներն են, կամ այսպես ասած՝ եվրաատլանտյան ուլտրագլոբալիստական թևը:
Գամելով Թրամպին վենեսուելական ուղղությամբ, նրանք այլ՝ ավելի կարևոր ուղղություններով կարող են ավելի սահմանափակել նրա հնարավորությունները, միևնույն ժամանակ նաև կոտրել «խաղաղարարի» իմիջը, որ Թրամպը փորձում է «քարից հաց քամելու» տրամաբանությամբ քամել իր համար: Կրկնեմ, հարցն այստեղ այն չէ, որ ուլտրագլոբալիստները չար են, իսկ Թրամպը՝ բարի, և չի ուզում պատերազմ: Այստեղ քաղաքական պարադիգմի հարց է:
Թրամպի նպատակների ծիրում առավել պահանջված միջավայր է կառավարելի, կայուն միջավայրը: Նրա եվրաատլանտյան հակառակորդների համար պատկերը և պարադիգմը հակառակն է. նրանց համար էական է Թրամպին ներքաշել հնարավորինս շատ ռազմական «կաթսաների» մեջ»: