«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության հագեցած կրթական և մշակութային օրերը Չինաստանում` հերթական փորձի փոխանակման ծրագրով


«Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ 7-րդ պատվիրակությունը Չինաստանում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մասնակցում է «Ռուսախոս երկրների կանանց առաջնորդության զարգացման» միջազգային սեմինարին: Ծրագիրն ունի նաև գործնական հատված, ներառում է ուսուցողական այցեր դեպի  կրթական ու մշակութային կենտրոններ։ Այս մասին հայտնում է հիմնադրամը:


 


««Կրթվելը նորաձև է» շարժման 5 մասնակիցներից բաղկացած մեր պատվիրակությունն արագընթացով ճանապարհվել է Նանչանից դեպի Նանկին քաղաք, որտեղ էլ մասնակցել է հերթական սեմինարին` նվիրված առաջնորդ կանանց նորարական մոտեցումների ու առկա առաջադեմ հնարավորությունների բացահայտմանն ու կիրառմանը։ Քննարկումներն ընդգրկել են նաև «Գործնական հմտությունների զարգացում», «Ռազմավարական մտածողություն» և «Մորարարական նախաձեռնությունների ղեկավարում» թեմաները։


 


 


Ծրագրի 6-րդ օրը պատվիրակությունն այցելել է Սինանի պատմամշակութային տարածք և Կոնֆուցիոսի տաճար` Նանկինում, որը հանդիսանում է Չինաստանի մշակութային գոհարներից մեկը: Այս այցերը հնարավորություն են տվել մասնակիցներին` խորությամբ ծանոթանալ չինական մտածողության, փիլիսոփայության ու պատմամշակութային ժառանգության տարբեր շերտերին։


 


Հաջորդ օրը պատվիրակությունն ուղևորվել է Շանհայ, որը համարվում է Չինաստանի ամենազարգացած ու մեծ քաղաքներից մեկը։ Շանհայում անցկացված սեմինարները նվիրված էին միջազգային համագործակցությանը և Չինաստանի ռազմավարական դիրքավորմանը գլոբալ կառավարման համատեքստում։ Սեմինարների հիմնական թեմաներն էին՝


 


«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցությունը աշխարհի քաղաքական ու տնտեսական համակարգերի վրա, Չինաստանի` որպես տարածաշրջանային համակարգողի, քաղաքականությունը համաշխարհային զարգացման գործընթացներում։ Իրականացվել են այցեր նաև Սուն Ցինլինի նախկին կեցավայր (հայտնի կին քաղաքական և հասարակական գործչի տուն-թանգարան), զբոսանք` Շանհայի կենտրոնական փողոցներում, ազատ հետազոտական շրջագայություն` քաղաքում, որից հետո մեր պատվիրակները վերադարձել են Նանչան:


 


 


 


 


«Իմ քայլը» հիմնադրամը՝ ի դեմս գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, շարունակում է խթանել կրթության դերն ու միջազգային փորձի փոխանակումը` որպես կայուն զարգացման հիմնական գործոն։ Վստահ ենք, որ մեր պատվիրակները վերադառնալու են ոչ միայն նոր գիտելիքներով ու կապերով, այլև մեծ ոգեշնչմամբ՝ զարգացնելու սեփական համայնքները և նախաձեռնելու նոր նախագծեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ6

Leave a Comment