Անձնական մեքենաների սահմանափակում. ինչպե՞ս է լուծվելու Երևանի խցանումների հարցը

Բաժանորդագրվել

Իշխանության ներկայացուցիչները քննարկում են անցկացրել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքի խցանումներին համակարգային լուծում տալու համար շեշտը կդրվի հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ կայացել է երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

«Վարչապետի հանձնարարությամբ քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը»,– գրել է Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 16–ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանում մեքենաների թվի հետ կապված պրոբլեմ կա, ինքն անձամբ է ականատես եղել, երբ նախորդ օրը` ժամը 18:20-ի սահմանում, կենտրոնից հեծանիվով գնացել է Բաղրամյան 26։

Փաշինյանը հայտարարեց` հանձնարարել է, որ ՆԳՆ-ն, ՏԿԵՆ-ը և Երևանի քաղաքապետարանը ոչ թե աշխատանքային, այլ ճգնաժամային խումբ ստեղծեն:

Leave a Comment