Եվրոպական ներդրումային բանկի զարգացման թևը՝ EIB Global-ը, ստորագրել է 100 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր Հայաստանի Կենտրոնական բանկի հետ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) և միջին կապիտալով ընկերությունների ֆինանսական հասանելիությունը մեծացնելու նպատակով։
Պայմանագիրը, որը ստորագրվել է Երևանում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի և EIB Global-ի բաժնի ղեկավար Մարիոն Հոենիկեի կողմից, իրականացվում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) աջակցության շրջանակում։
Միջոցները կուղղվեն ՀՀկենտրոնական բանկի միջոցով և կտրամադրվեն համապատասխան ընկերություններին՝ մասնակից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Կանխատեսվում է, որ Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը կաջակցի մոտ 500 ձեռնարկությունների և կպահպանի մոտ 14 000 աշխատատեղ։ Ֆինանսավորման առնվազն 45%-ը կուղղվի Երևանից դուրս գտնվող նախագծերի ֆինանսավորմանը, առնվազն 30%-ը՝ կանանց ձեռներեցության ֆինանսավորմանը, իսկ առնվազն 40%-ը՝ կանաչ նախագծերին։
Այս ռազմավարական գործընկերությունն ընդգծում է Եվրոպական Միության հանձնառությունը՝ խթանելու տնտեսական աճը, դիմակայունությունը և կայուն զարգացումը Հայաստանում՝ ստեղծելով ավելի լուսավոր ապագա երկրի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների և միջին կապիտալի ընկերությունների համար։ Այն նաև համահունչ է Հայաստանի դիմակայունության և աճի ծրագրին, որը ներկայացվել է նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի կողմից՝ 2024 թվականի ապրիլին, մասնավորապես ծրագրի երկրորդ առաջնահերթությունը՝ ներդնելով կապի ապահովման և բիզնեսների ոլորտներում։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում