Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր չէ մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության (ԵՔՀ) գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդել են պետականամետ ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով աղբյուրներին։
«Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան համարել կենսունակ քայլ։ Ադրբեջանը գործում է իրական գործողությունների սկզբունքով։ Բարձր մակարդակի այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է ստեղծել գործընթացի ավարտի կեղծ տպավորություն։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ, և պարտավորությունները չեն սկսել իրականացվել, նման քայլերը կլինեն վաղաժամ»,- գրել է աղբյուրը։
Այնուամենայնիվ, ապագայում բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունը չի բացառվում։
«Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացումից հետո սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը։ Այժմ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ նախկինում համաձայնեցված պարտավորությունները կատարելու համար, որոնք կամրապնդեն խաղաղությունը ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե»,- նշվում է հոդվածում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները հրավիրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականի մայիսին Երևանում։ Միրզոյանը պարզաբանել էր, որ «հրավերը կատարվել է բանավոր, այժմ ընթացքի մեջ է հրավերի փաստաթղթավորումը»։